Թուրքական իշխանությունները հետաքննություն են սկսել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Վերջինս 2021-ի ապրիլի 24-ին տարածել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի հայտարարությունը:
Ադանայի գլխավոր դատախազությունը, տարածված հայտարարությունը ծայրից ծայր հանցագործություն որակելով, «ժողովրդի մի հատվածին ատելության եւ թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ:
Աթաշը իրավապահ մարմիններին հայտնել է, որ ապրիլյան հայտարարությամբ արտահայտել է իր անձնական կարծիքը եւ բնավ ատելություն եւ թշնամանք սերմանելու նպատակ չի հետապնդել: Փաստաբանը հրաժարվել է իրեն առաջադրված մեղադրանքներն ընդունելուց՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ-ի որոշումների՝ իր տարածած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իր իրավունքի շրջանակում:
Յակուփ Աթաշն ընդգծել է՝ իր նկատմամբ այս ճնշումները հարձակում են մտքի եւ խոսքի ազատության վրա: «Սա հետաքննություն է թե՛ իմ անձի, թե՛ մարդու իրավունքի բոլոր պաշտպանների նկատմամբ»,- ասել է փաստաբանը։