Եվրոպոլը եւ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:
Եվրոպոլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագիրը գործընկերներին հնարավորություն կտա աշխատելու մի շարք առանցքային ոլորտներում․ միգրանտների մաքսանենգություն, կիբերհանցավորություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, փողերի լվացում, գույքի կազմակերպված հանցավորություն եւ մարդկանց թրաֆիքինգ:
Համաձայնագրով հնարավոր կլինի փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության տվյալներ, ինչպես նաեւ ռազմավարական եւ տեխնիկական տեղեկություններ՝ բացառությամբ անձնական տվյալների:
Ըստ Եվրոպոլի՝ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ եզրափակվեցին Հայաստանի եւ Եվրոպոլի միջեւ հաջող բանակցությունները՝ լուրջ եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ուժերը արդյունավետորեն միավորելու թեմայով: