Ըստ Human Rights Watch-ի «Կասետային զինատեսակների մշտադիտարկում 2021» զեկույցի՝ 2020-ին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատը տուժած՝ 107 մարդ, գրանցվել է Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ։
Մշտադիտարկման համակարգող Մարի Ուերհեմն ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է դատապարտեն ցանկացած պարագայում որեւէ մեկի կողմից կասետային զենքի ցանկացած օգտագործում: «Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը եւ դրանց լայնորեն դատապարտումը ցույց են տալիս, որ նման զենքերի արգելումը թափ է հավաքում»,- ասել է Ուերհեմը։
Ադրբեջանը, Հայաստանը եւ ՌԴ-ն կոնվենցիային չեն միացել
Կասետային ռումբերն արգելող կոնվենցիան ստորագրել են 110 երկրներ, բայց Ադրբեջանը, Հայաստանը ու եւս մի քանի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, մինչեւ հիմա այդ կոնվենցիային չեն միացել։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ զեկույցը Ժնեւում հրապարակվել է կասետային զենքն արգելող կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովի նախաշեմին, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-21-ը։
Վտանգավոր են նաեւ մարտական գործողությունների ավարտից հետո
Կասետային ռումբերը հարյուրավոր փոքր պայթող տարրերով կամ մետաղի կտորներով լցոնված ռումբեր են, որոնք թիրախների շրջակայքով մեկ մեծ վնասներ են պատճառում, հատկապես քաղաքացիական բնակավայրերում։ Դրանց չպայթած մասերը վտանգավոր են նաեւ մարտական գործողությունների ավարտից հետո։
Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ` 2020-ի հոկտեմբերին, HRW իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որում նշված էր, որ Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել էին Ստեփանակերտի եւ Հադրութի դեմ կիրառված ռումբերի հարվածների հետեւանքները, պայթած զենքի մնացորդներն ու չպայթած մասերը։ Ադրբեջանն իր հերթին հայկական կողմին էր մեղադրել կասետային ռումբեր օգտագործելու մեջ, սակայն Human Rights Watch-ը հնարավորություն չէր ունեցել ինքնուրույն ստուգելու այդ մեղադրանքները։
360 տուժածներից 142-ը` կասետային ռումբերի հարձակումներից
Human Rights Watch-ը նշել է, որ թեեւ Ադրբեջանն ու Հայաստանը չեն միացել կասետային զենքն արգելող կոնվենցիային, բայց նրանք ստորագրել են Ժնեւյան հումանիտար մի շարք այլ համաձայնագրեր եւ չպետք է կասետային զենք օգտագործեն։
2020-ին ամբողջ աշխարհում այդ զենքից առնվազն 360 մարդ է տուժել, որոնցից 142-ը` կասետային ռումբերի հարձակումների ժամանակ, իսկ 218-ը՝ զենքի մնացորդների պայթյունից։ Դեպքերն արձանագրվել են Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Կամբոջայում, Իրաքում, Հարավային Սուդանում, Սիրիայում։ Տուժածների ավելի քան 40 տոկոսը երեխաներ են։ Տուժածների ընդհանուր թիվը հնարավոր է՝ ավելի մեծ լինի, քանի որ շատ դեպքեր չեն արձանագրվել տվյալների հավաքմանն առնչվող խնդիրների պատճառով։
Զեկույցում նշված է, որ աշխարհի 26 երկրներում եւ երեք տարածքներում կասետային զենքի մնացորդներ կան։