«Երբ մեկ տարի առաջ ինձ հարցնում էին՝ արդյո՞ք ես ֆեմինիստ եմ, ասում էի՝ ֆեմինիստական հակումներ ունեմ, բայց միանշանակ վստահ չեմ։ Հետո սկսեցի ուսումնասիրել, փորփրել ու հասկացա, որ այո՛, ես ֆեմինիստ եմ։ Եղբայրներս էլ ինձ նախատում էին ֆեմինիստական գաղափարներիս համար, հետո ես իրենց տասը հարց տվեցի, ու պարզվեց, որ իրենք էլ են ֆեմինիստ»,- պատմում է բանաստեղծ, «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի համահեղինակ Հասմիկ Սիմոնյանը։
Հասմիկը հյուրընկալվել էր «Գրքասեր կանանց ակումբ»-ում (For ladies club)` խոսելու «Գրականություն եւ ֆեմինիզմ» թեմայով։ «Գրքասեր կանանց ակումբը» երեք կնոջ՝ Մարիամ Մարտիրոսյանի, Էմմա Մայիլյանի եւ Լուսինե Պետրոսյանի նախաձեռնությունն է։
«Մեզ մոտ հաճախ ասում են, որ ժամանակակից գրողներին չգիտեն, ծանոթ չեն նրանց գործերին։ Բայց արդյո՞ք մարդիկ փորձում են փնտրել, գտնել նրանց ու ծանոթանալ։ Մեր ակումբը հենց այդ նպատակն էլ հետապնդում է։ Մենք հրավիրում ենք տարբեր գրողների ու հետաքրքիր քննարկումներ ենք ունենում։ Դե, գինին ու հյուրասիրությունն էլ՝ միանշանակ»,- ծիծաղում է Մարիամ Մարտիրոսյանը։
Հասմիկ Սիմոնյանի կարծիքով՝ ֆեմինիզմի շուրջ առասպելներն այնքան շատ են, որ մարդիկ երբեմն նույնիսկ վախենում են այդ գաղափարից։ Սակայն ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Ինքներդ ձեզ հարցրե՛ք՝ կո՞ղմ եք, որ կինը կրթություն ստանա, որ կինը աշխատի, զբաղվի գիտությամբ, արվեստով, հագնի, օրինակ, տաբատ, մազերը կարճ կտրի։ Եթե այո, ապա դուք արդեն իսկ ֆեմինիստական գաղափարների կրող եք։
Ֆեմինիզմի շուրջ տարածված սխալ պատկերացումներից մեկն այն է, որ կանայք ու տղամարդիկ փորձում են մրցակցել։ Սակայն ոչ թե պետք է մրցել, այլ ընդունել ու հարգել միմյանց տարբերությունները։
«Ֆեմինիզմն ասում է՝ ընտանիքում չպետք է լինել տեր ու ծառա, հայր ու դուստր (խոսքը պատեռնալիզմի մասին է), այսինքն՝ չպետք է լինի վերեւ-ներքեւ, պետք է լինել հավասար, պետք է խոսել միմյանց հետ, կարողանալ լսել իրար, հասկանալ խնդիրները ու հարթել դրանք։ Եթե խնդիրների մասին լռում ենք, դրանք չեն լուծվում»,- ասում է բանաստեղծը։
Ֆեմինիզմի առավելություննրից մեկն այն է, որ կնոջն ամուսնուց բաժանվելու հնարավորություն է տալիս։ Նախկինում ամուսինը կարող էր լքել կնոջը, հետո, տեսնելով, որ կինը որոշ չափով կայացել է, աշխատում ու աշխատավարձ է ստանում, կարող էր հետ գալ ու վերցնել կնոջ վաստակած գումարը՝ ասելով, թե նա գումարը ճիշտ ծախսելու բավարար խելք չունի։
Ըստ Հասմիկի՝ անհասկանալի է նաեւ, երբ կնոջը հրեշացնում են, իսկ մորը՝ սրբացնում․ չէ՞ որ մայրն էլ կին է։ «15-16-րդ դարերում նույնիսկ հղիության թրենդ կար։ Եթե նայեք այդ ժամանակվա նկարներին, ապա կտեսնեք, որ կանանց հագուստի տակ փոքր բարձեր են դրված, որպեսզի նրանք մայրության հետ նույնացվեն։ Բայց արդյո՞ք մարդիկ գիտակցում են մայրության խորությունը։ Մեր իրականութան մեջ մորը հիշում են կենացներում, ասում են՝ մայրը առյուծածին է, իսկ երբ հերթը հասնում է նրան, որ մայրը կարծիք արտահայտի կամ որեւէ գործողություն անի, նրան ուղարկում են ամուսնու ու երեխաների մասին հոգ տանելու»,- ասում է Հասմիկ Սիմոնյանը:
Ֆեմինզիմը գրականության մեջ
Վիրջինիա Վուլֆն ունի «Սեփական սենյակը» վերնագրով էսսե, որը շատ կարեւոր է բոլոր կանանց համար: Ըստ նրա՝ կինը պիտի սեփական բյուջե ունենա, որովհետեւ աղքատ կինը ոչինչ անել չի կարող, իսկ կինն աղքատ է, երբ չունի կրթություն ու աշխատանք:
Ֆեմինիստական գաղափարներ ունի նաեւ Միքայել Նալբանդյանը։ Նա բողոքում է, որ կանայք դուրս են հասարակական ասպարեզից, միմյանց հանդիպում են միմիայն եկեղեցում կամ բաղնիքում, աղջիկները դրա հնարավորությունն էլ չունեն։ Նրան դուր չի գալիս, որ հայ մայրերն իրենց աղջիկներին ամուսնացնելիս ուշադրություն չեն դարձնում փեսացուի տեսքին, բարոյականությանը, խելքին, նրանց ամուսնացնում են հարուստների հետ՝ առանց սիրո։
Այսպիսով՝ պետք է վերացնել ֆեմինիզմի մասին միֆերը, սերունդներին տալ ճիշտ դաստիարակություն, որ կանայք ու տղամարդիկ ոչ թե ստորադասվեն ու վերադասվեն, այլ հարգեն իրար, լսեն մեկմեկու խնդիրներն ու փորձեն հարթել դրանք։