Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը:
Ռուսաստանը Sputnik V-ի հաստատման համար ԱՀԿ-ին եւ Դեղերի եվրոպական գործակալությանն էր դիմել 2021-ի փետրվարին։
Ամերիկյան աշխարհամասում ԱՀԿ գրասենյակի փոխտնօրենի օգնական Խարբաս Բարբոսան հայտնել է, որ Ռուսաստանում անցկացված տեսչության ժամանակ հայտնաբերվել են մի շարք արտադրական խախտումներ:
ԱՀԿ պաշտոնյան հավելել է, որ Sputnik V պատվաստանյութն արտադրող ձեռնարկություններից մեկում նոր տեսչական ստուգումներ կպահանջվեն մինչեւ հրատապ օգտագործման համար դեղամիջոցի հաստատումը։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերոնշյալ գործարանը պետք է ի գիտություն ընդունի դիտողությունները, կատարի անհրաժեշտ փոփոխություններ եւ պատրաստվի նոր տեսչական այցին։
Հունիսին հրապարակած զեկույցում ԱՀԿ-ն հայտնել էր, որ բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել Ուֆայում Ռուսաստանի դեղագործական ընկերության՝ «Ֆարմստանդարտ»-ի գործարանում. վերջինս ավելի ուշ վստահեցրել է, թե խախտումները լիովին վերացրել է։