«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր կանոնադրական նպատակներից դուրս չի կարող այլ ծախսեր անել։ Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած գումարները ծախսելու ուղղությունները հստակ ամրագրված են պայմանագրով». լրագրողներին ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Հայաստան» հիմնադրամի եւ կառավարության հարաբերություններն արձանագրող պայմանագիրը չի կարող շրջանցել համահայկական կառույցի կանոնադրական նպատակներն ու ծրագրային ուղղությունները։ Ֆորսմաժորային իրավիճակում կառավարությանը որոշ գործառույթներ պատվիրակելը եղել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ։ Գործադիր տնօրենի հավաստմամբ ՀԽ-ն միաձայն է կողմ քվեարկել՝ գտնելով, որ սոցիալական, առողջապահական, հումանիտար շատ ծրագրեր ավելի արագ ու արդյունավետ կիրականացնի կառավարությունը։
«Երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը մանրամասն ներկայացնի գնումների հաշվետվությունը, կդնենք մեր կայքում, բոլորը կտեսնեն». ասել է գործադիր տնօրենը՝ հերքելով ստահոդ այն լուրերը, թե նվիրատուների հատկացումներից պաշտոնյաները պարգեւավճարներ են ստանալու։