Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով հայցադիմումը մուտք է եղել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ)՝ Հաագայի դատարան Խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով (CEDR)՝ Ադրբեջանի դեմ դատավարություն սկսելու նպատակով:
Հայաստանը դատարանին միաժամանակ խնդրել է կիրառել մի շարք հրատապ միջոցներ, որոնց թվում՝ ռազմավարի պուրակի փակումը եւ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
Հայցվորը նաեւ Արդարադատության միջազգային դատարանին խնդրում է ծայրաստիճան հրատապությունից ելնելով նախնական միջոցներ կիրառելու ցուցում տալ՝ պաշտպանելու եւ պահպանելու Հայաստանի իրավունքները եւ հայերի իրավունքները հետագա վնասից, կանխելու այս վեճի սաստկացումը եւ ընդլայնումը: Հաագայի դատարանի կանոնակարգով՝ նախնական միջոցների կիրառման պահանջն առաջնայնություն ունի մյուս բոլոր գործերի նկատմամբ:
Հայատյացության քաղաքականության տխուր հետեւանքները
Ըստ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքի՝ հայցում նշված է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսում՝ համաձայն «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի»: Հայցադիմումում ընդգծված է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասսայական խտրականության: Հայաստանը պահանջում է Ադրբեջանի դեմ կիրառել զսպող միջոցներ։
«Հայատյացությունը պետական պաշտոնական քաղաքականություն է, որը դասավանդվում է դպրոցներում եւ պարբերաբար դրսեւորվում իշխանության ամենաբարձր մակարդակներում, մասավորապես ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի։ Ադրբեջանի կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության հետեւանքով հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների: Հարյուր հազարավոր հայեր փախել են Ադրբեջանից, իսկ նրանք, ովքեր մնում են այդ երկրում, պետք է թաքցնեն իրենց էթնիկ ինքնությունը: Նախապաշարմունքը հայերի դեմ այնքան արմատացած է, որ որեւէ մեկին հայ բնութագրելը Ադրբեջանում համարվում է վիրավորանք»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասված է հայկական կողմի հայցի մեջ։
Նշված է նաեւ, որ Ադրբեջանի ներկայիս տիրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը համակարգված ոչնչացվել է, ջնջվել եւ կեղծվել:
Համակարգված ոչնչացնում, ջնջում եւ կեղծում է հայկական ժառանգությունը
Առանձնացվում են ղարաբաղյան վերջին պատերազմի օրերին եւ դրան հաջորդած շրջանի իրավախախտումները։ Մեջբերված են ադրբեջանցի պաշտոնյաների` «հայերին շների պես քշելու», «Լեռնային Ղարաբաղը քիմմաքրման ենթարկելու» եւ այլ նման արտահայտություններ։
Հայցում ասված է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակել է իր գործելաոճը հայ ռազմագերիների, պատանդների սպանության, խոշտանգումների եւ այլ բռնությունների տեսքով: Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել, ջնջել եւ կեղծել հայկական ժառանգությունը տարածաշրջանում: Բերված են կոնկրետ օրինակներ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
Ընդգծված է, որ Ադրբեջանը չի կատարում ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իր պարտավորությունները։
Ձեռնպահ մնալ հայերի նկատմամբ ռասիզմի ակտերի փառաբանումից
Հայաստանը դատարանից պահանջել է վճիռ ընդունել եւ հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի» 6 հոդված։ Հայցով Հայաստանը պահանջել է դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել որոշ գործողություններ կատարել, մասնավորապես ձեռնպահ մնալ ազգամիջյան զտումների պրակտիկայից, հայերի նկատմամբ ռասիզմի ակտերի փառաբանումից, հայերի դեմ ատելության խոսք արտահայտելուց՝ ներառյալ կրթական նյութերում, հայոց լեզվի, հայկական մշակույթի դեմ ճնշումներից, չոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը կամ այլ ձեւերով չվերացնել հայերի պատմական գոյությունը տարածաշրջանում, պատժել հայերի դեմ ռասայական խտրականության բոլոր գործողությունները, մասնավորապես պետական պաշտոնյաներինը:
Ապահովել հայ ռազմագերիների եւ տեղահանվածների արժանապատիվ վերադարձը
Հայաստանը դատարանից պահանջում է նաեւ Ադրբեջանին պարտավորեցնել ապահովել հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ ձերբակալվածների իրավունքները, հայերի համար հավասար վերաբերմունք ապահովել, ձեռնպահ մնալ Հայաստանի եւ հայերի հետ Ադրբեջանին հաշտեցնելու փորձեր կատարող ՀԿ-ներին խոչընդոտելուց եւ մարդկանց ձերբակալելուց, արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ պայքարելու հայերի նկատմամբ նախապաշարմունքների դեմ։
Հայաստանը պահանջում է նաեւ, որ դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի ապահովել տեղահանված հայերի արժանապատիվ վերադարձը իրենց տներ, ինչպես նաեւ, որ Բաքուն վերականգնի հայկական մշակութային օբյեկտները, իսկ եթե դա հնարավոր չէ, փոխհատուցի վնասները։
ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս դատական գործով Հայաստանի շահերը կներկայացնի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, իրավաբան Եղիշե Կիրակոսյանը։