Ըստ իս՝ վերջին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի», իսկ ավելի ճշգրիտ՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի պատճառների մասին ամեն ինչ չէ, որ ասված է։
Ինչո՞ւ ՔՊ-ին, ավելի ճշգրիտ՝ Նիկոլին ընտրեցին մեր խայտառակ պարտությունից հետո։ Կարծում եմ, պատճառն այն է, որ ժողովուրդը հասկացավ՝ սա իր պարտությունն էր, Նիկոլինը չէր։ Նիկոլը կարող էր միայն բանը պարտությանը չհասցնել՝ արժանապատիվ խաղաղության գնալու գուցե տիտանական, գուցե ի սկզբանե տապալված ջանքերով։
Իր քվեով ժողովուրդը ցույց տվեց, որ իրենցից ոչ մեկը Նիկոլից ոչնչով լավը չէ։ Հայ ժողովուրդը որեւէ կերպ չէր դիմադրել խաղաղության ջանքերի ապականմանը, հայ ժողովուրդն անձամբ էր ուզում լինել դեռեւս 26 տարի առաջ ունեցած հաղթանակի ամեն ակնթարթի վկան։ Հայ ժողովուրդը չկարողացավ միմյանցից տարանջատել հաղթանակը եւ խաղաղությունը։ Ուստի պարտվեց։
Մինչդեռ պետք էր հասկանալ, որ հաղթանակն ու խաղաղությունը ղարաբաղյան հակամարտության դեպքում նույնիսկ վնասում են միմյանց։ Նրանցից մեկը պիտի տեղը զիջեր։ Խաղաղության զիջելու դեպքում մեր ստանալիքը միայն պատերազմը չէր, այլեւ պարտությունը։ Իսկ հաղթանակի զիջելու դեպքում արդյունքը պարտությունը չէր լինի, կլիներ իրավիճակի արձանագրումը, որ չսպառված ասելիքով հաղթանակները շարունակում են իրենց կռիվները խաղաղության հետ։
Ահա ինչու էին 1998-ից հետո բոլոր առաջնորդները հոխորտում «նոր պատերազմ, նոր տարածքների» մասին, շրջափակման պայմաններում զարգանալու մասին, ստիպված զիջելու «բարեպատեհության» մասին։
Նիկոլ Փաշինյանը հաղթեց, որովհետեւ հայ ժողովուրդն առերեսվեց իր հաղթանակի բացակայության հետ, որը չէր գիտակցել։ Ժողովուրդն ընդունեց, որ ինքը տեղ չունի Նիկոլին մեղադրելու, որ վերջինս իրեն չի տեղեկացրել հնարավոր պարտության եւ դրա հետեւանքների մասին, եթե հանկարծ բանը պատերազմին հասներ։
Ժողովուրդն ընդունեց, որ ինքն էլ դավաճանած կլիներ, եթե ուղղակի առանց այսպիսի պարտության վերցնեին ու գրաված տարածքները զիջեին Ադրբեջանին։ Ի վերջո ժողովուրդն ընդունեց, որ ինքն է պատասխանատու նաեւ առաջին նախագահի խաղաղության պլանը տապալելու մեջ առնվազն այն մակարդակով, որ մի կերպ ունեցած հաղթանակը ոչ մի կերպ չէր ուզում վերածել դիվանագիտական չափազանց տեսանելի զիջումների։
Ժողովուրդն ամբողջ ընթացքում հարցին նայեց «թուրքը մնում է թուրք» տրամաբանության մեջ։ Արդյունքում 21-րդ դարում ծագում է ուրարտական ժամանակներից անպատասխան մնացած հարցը՝ իսկ հա՞յն ով է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: