Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 17-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ստորագրվել է Դուշանբեի հռչակագիրը:
ՇՀԿ-ի կազմավորման 20-ամյակի առթիվ ընդունված փաստաթղթում կազմակերպության ղեկավարներն արտահայտվել են Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորման օգտին՝ նշելով, որ Աֆղանստանը պետք է լինի չեզոք, միասնական եւ ժողովրդավարական: Կազմակերպությունն ընդգծել է Աֆղանստանում էթնիկ, կրոնական եւ քաղաքական բոլոր խմբերի մասնակցությամբ կոալիցիոն կառավարության ստեղծման անհրաժեշտությունը:
Գագաթնաժողովում ՇՀԿ-ին Իրանի անդամակցության ընթացակարգի մեկնարկն ազդարարող փաստաթուղթ է ստորագրվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել է տեսակապով, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցումը ՇՀԿ-ին կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը:
ՇՀԿ անդամ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Պակիստանը եւ Հնդկաստանը:
Աֆղանստանը, Բելառուսը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան՝ գործընկեր երկրներ: