Լեռնային մաքուր օդով ու խիտ անտառներով Ծաղկաշատը Լոռու մարզի գեղատեսիլ անկյուններից է, բայց ճանապարհի պատճառով զարգացման հեռանկարից զրկված բնակավայրն այցելուներ գրեթե չի ունենում։
Ծաղկաշատ հասնելը փորձություն է։ Հատկապես անձրեւային եղանակին մեքենա գտնելու ջանքերն ապարդյուն են անցնում․ տաքսու վարորդները կտրուկ հրաժարվում կամ էլ բարձր գին են սահմանում։ Ինչպես վարորդներն են ասում, Ծաղկաշատ գնալ-գալուց հետո մեքենան պարտադիր նորոգման պիտի տարվի։ Խնդրից անտեղյակները համաձայնում են, բայց ընթացքում արդեն բարձրաձայն խոստանում այլեւս ոչ մի պայմանով Ծաղկաշատ չգնալ։
Իսկ գյուղում ապրողների համար գրեթե անանցանելի ճանապարհի խնդիրը սովորական է դարձել։ Ասում են՝ հարմարվել են, որովհետեւ այլընտրանք չունեն։ Կան մարդիկ, որոնք ամեն օր սեփական մեքենաներով այլ բնակավայր աշխատանքի են գնում ու վերադառնում։ Իսկ մեքենա չունեցողները 500 դրամ վճարելով օգտվում են Ծաղկաշատ-Ալավերդի երթուղայինից, որը շաբաթը 3 անգամ 08։30-ին շարժվում է գյուղից։ Հետդարձի ժամը 15։00-ն է, բայց վարորդը սպասում է այնքան, մինչեւ համագյուղացիները գործերն ավարտեն քաղաքում։
70-ամյա Ասյա Մեջլումյանը Ծաղկաշատ-Ալավերդի երթուղայինի մշտական ուղեւորն է։ Առեւտրով է զբաղվում։ Գյուղացիների ապրանքը քաղաք է հասցնում, վաճառում կամ փոխանակում, հետո նրանց ուզածը բերում, իրենց տալիս։ Այսպես արդեն 21 տարի։
«Գյուղացիներին օգնում եմ, որովհետեւ բոլորը չեն կարում իրանց գործը թողան, գնան, վաճառք անեն քաղաքում․ ճանապարհ չկա։ Բայց ո՛չ գյուղապետին կարանք մեղադրենք, ո՛չ ապրողներին, ո՛չ մեկին։ Գյուղապետը մթամ ի՞նչ անի։ Մի քանի ամիսը մեկ ճամփեն դզում են»,- պատմում է Ասյա Մեջլումյանը։
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Քնարիկ Դալլաքյանն էլ պատմում է, որ քաղաք գնում է ամիսը մեկ-երկու անգամ, հիմնականում կենսաթոշակի օրերին։ Նաեւ թոռներին է այցելում, որովհետեւ վատ ճանապարհի պատճառով նրանք գյուղ չեն գալիս։
«1992 թվից էստեղ եմ ապրում, ու էդ ժամանակից էս վիճակն ա, ինչքան գնացել, ավելի ա վատացել։ Էրեխեք ունենք քաղաքում ապրող, համարյա գյուղ չեն գալիս, որովհետեւ ամեն գալուց հետո ավտոն տալիս, ջարդուխուրդ են անում։ Հենց դիմում ենք, նույն պատասխանն ենք ստանում՝ կանենք, կլինի»,- սրտնեղելով ասում է տիկին Քնարիկը։
Արդեն 13 տարի Բադալ Փիրուզյանը Ծաղկաշատ-Ալավերդի երթուղայինի ղեկին է։ Ճանապարհի նորոգման հույս չկա՝ ասում է, իսկ մեքենան սարքին պահել հազիվ է կարողանում։
«Եթե ավտոն մի շաբաթ սարքին քշում եմ, երկրորդ շաբաթը ակները տրաքում են։ Դետալները, որ կոտրվում են, հեշտ եմ սարքում, բայց պակրիշկեն (անվադողը) դժվարանում եմ։ Ջրերը, սելավները էլի քանդել են ճամփեն։ Ժողովուրդը մի քիչ թեթեւանա գյուղի գործից, եթե դրսից օգնող չըլի, մենք մեր ուժերով կանենք։ Հող ենք բարձում, տանում, փոսերը լցնում, բուլդոզեր ունենք, գցում ենք, դզում, իհարկե տեղյակ ենք պահում գյուղապետին, համայնքապետին, իրանք էլ են օգնում»,- ասում է վարորդը։
Գյուղամիջյան ճանապարհներն էլ անբարեկարգ են։ Բայց Ծաղկաշատի խնդիրները դրանով չեն վերջանում։ Գյուղում գազ չկա, խմելու ջուր՝ նույնպես։ Սարից եկող ջուրը շատ քիչ տների է հասնում եւ միայն կենցաղում օգտագործելու համար է պիտանի։ Իսկ խմելու ջրի համար գյուղի բնական երկու աղբյուրների մոտ համբերատար պետք է սպասել, մինչեւ տարաները լցվեն։
Ծաղկաշատցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Ասում են՝ այգեգործությունից էլ լավ արդյունք կարող են ստանալ, բայց ի՞նչ այգի առանց ջրի։
«Մարդիկ անասնապահությունից են կամաց-կամաց հրաժարվում, որովհետեւ կաթի, մսի իրացման խնդիրը լուրջ է, էժան գներով են գալիս, տանում։ Կամ էլ չեն գալիս։ Շուկայում ամեն ինչ թանկանում է՝ բացի բնամթերքից։
Հուսահատություն է։ Անգամ խոշորացումից հետո ոչ մի տեղաշարժ չկա։ Գոնե նույն վիճակում մնայինք, անընդհատ հետ ենք գնում»,- ասում է Ծաղկաշատի դպրոցի դասվար Սուսաննա Մելիքսեթյանն ու ավելացնում՝ եթե մի գյուղում ծնունդ չլինելու, սերունդ չլինելու պատճառով դպրոցի ապագան է վտանգված, ուրեմն գյուղի զարգացման մասին խոսք լինել չի կարող։
189 բնակիչ ունեցող Ծաղկաշատի դպրոցում 14 երեխա կա, նախակրթարանում՝ 1։ Նախորդ տարի գյուղում ո՛չ ամուսնություն է գրանցվել, ո՛չ էլ ծնունդ։ Ըստ մանկավարժի՝ սոցիալական բազմաթիվ խնդիրների պատճառով երիտասարդները չեն ամուսնանում, ձգտում են տեղափոխվելու Վանաձոր կամ Ալավերդի՝ աշխատելու եւ ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու։
«Էնքան տղա ունենք, որ ամուսնանալու ենթակա են, բայց գյուղից դուրս ապրող աղջիկները Ծաղկաշատի անունը լսում են ու հետ կանգնում, որովհետեւ գիտեն՝ ամենատարրական պայմաններ չկան կենցաղում։ Չեմ պատկերացնում՝ էդ ինչքան պիտի սիրահարվեն, որ հանուն սիրո գան էստեղ։ Մեր տղաներն են գնում»,- ասում է Սուսաննա Մելիքսեթյանը։
2017 թվականից Ծաղկաշատն Ալավերդի խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղը քաղաքին կապող 12 կմ երկարությամբ միակ ճանապարհի 7 կիլոմետրը հիմնանորոգման խիստ կարիք ունի։ Համայնքապետարանում տվյալներ չկան, թե որքան գումար է անհրաժեշտ հիմնանորոգման համար։ Ըստ համայնքապետի՝ այն, որ մի քանի հարյուր միլիոն է, դա հաստատ է, որովհետեւ նաեւ քարաթափման ու ջրահեռացման կարիք կա։
«Ճանապարհը մեր սպասարկման գոտում չի, բայց մեր ուշադրության կենտրոնում է։ Փորձում ենք անցանելի պահել, հարթեցնել։ Մ6-ի կամ ասֆալտապատման այլ աշխատանքների աղացած ասֆալտը անընդհատ տարել ենք, լցրել ենք, բայց սա ժամանակավոր լուծում է։ Երկու օր հետո կարա անձրեւ գա, ու էդ ամբողջ արածը նույնիսկ չկարողանաս մեկին ապացուցել, որ արել ես»,- ասում է Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը։
2021 թվականի սուբվենցիոն ծրագրով պետություն-համայնք մոտ 73 մլն դրամ համաներդրումով խոշորացված Ալավերդու գյուղական բնակավայրերում, այդ թվում նաեւ Ծաղկաշատում, խմելու ջրի ներքին ցանցի կառուցում է նախատեսվում, ինչը, սակայն, ջուր չունեցող գյուղի խնդիրն ամբողջությամբ չի լուծի։ Համայնքապետն ասում է, տեղումների քանակով պայմանավորված, ջրի պաշարների խնդիր կարող է լինել։
Ծաղկաշատում տասը տարի առաջ եւ այսօր խնդիրները նույնն են։ Թվում է՝ ոչինչ այստեղ չի փոխվում։ Միայն գյուղի վարչական շենքին նայելով էլ կարելի է հասկանալ, որ կյանքն այստեղ, իրոք, կանգ է առել։
Առանց ապակիների պատուհաններով ու կողպված դռնով անհրապույր կառույցը նույնն է, ինչ որ մեկ տասնամյակ առաջ։ Շինության շրջակայքի առատ խոտը հուշում է, որ այդտեղով վաղուց մարդ չի անցել։ Մինչդեռ մեր այցելության պահին գյուղացիներից մեկը հեռվից ձայն տվեց ու տեղյակ պահեց, որ գյուղապետը (վարչական ներկայացուցիչը) տեղում չի, Վանաձոր է գնացել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։