Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Ավստրալիայում. քննարկվում է մայրցամաքի հարավում ամերիկյան ռազմակայանների մշտական տեղակայման հարցը:
Այժմ Ավստրալիայում գործում է ԱՄՆ երկու ռազմակայան. Ալիս-Սփրինգսի հետախուզական կենտրոնը՝ երկրի հյուսիսում եւ Էկսմաուտի ծովային ռազմակայանը Արեւմտյան Ավստրալիայի նահանգում: «Միացյալ Նահանգները խոստացել է բերել ինքնաթիռների բոլոր տեսակները՝ ռմբակոծիչներ, տարբեր հետախուզական ինքնաթիռներ»,- ասել է Դաթոնը 9News հեռուստաալիքի Today ծրագրին:
«Մենք շատ լավ կարող ենք համագործակցել օդում, ջրում ու ցամաքում: Մեծ հեռանկարներ են բացվում նաեւ ավստրալիական արդյունաբերության համար»,- ընդգծել է նախարարը:
Դանթոնը հայտնել է, որ Ավստրալիան ատոմային սուզանավերը կկարողանա շահագործման հանձնել առաջիկա ինը տարվա ընթացքում:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը եւ երկրի երեք նախարար համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Ավստրալիան առնվազն ութ ատոմային սուզանավ կստանա AUUKUS պաշտպանական դաշինքի շրջանակում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը սեպտեմբերի 15-ի երեկոյան համատեղ հայտարարություն հրապարակեցին պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը: Ըստ այդ համաձայնագրի՝ ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաների հիման վրա ատոմային սուզանավերի կստեղծվեն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:
Ավստրալիայի իշխանություններն այսպիսով չեղարկել են Ֆրանսիայի հետ սովորական սուզանավերի կառուցման խոշորագույն պայմանագիրը: ABC հեռուստաալիքը հաղորդել է, որ Կանբերան որոշել է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողության պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը եռակողմ դաշինքի կապակցությամբ ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել սառը պատերազմի մտածողությունից եւ որեւէ մեկի դեմ ուղղված դաշինքներ չստեղծել: