ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց է քվեարկել Ռուսաստանում այսօր մեկնարկած Պետդումայի ընտրություններում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկրի ղեկավարը ռուսաստանցիներին հորդորել է մասնակցել ընտրություններին եւ ակտիվորեն արտահայտել իրենց դիրքորոշումը։
«Այսօր մեր երկրում սկսվել է 8-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրության եռօրյա քվեարկությունը։ Ինչպես տեսնում եք, սանիտարական սահմանափակումների պայմաններում ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ առցանց՝ էլեկտրոնային ձեւաչափով»,- ասել է Պուտինը։
Երեքշաբթի Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է, քանի որ մինչ այդ շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակիցների հետ:
Դումայի քվեարկությունն անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը՝ 08:00-ից մինչեւ 20:00-ն: Քվեարկության հիմնական օրը սեպտեմբերի 19-ն է, սեպտեմբերի 17-ը եւ 18-ը լրացուցիչ օրեր են: Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քվեարկել են մասնավորապես բյուջետային աշխատողներն ու զինվորականները:
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 16-ին 493 կողմ, 103 դեմ ձայներով ընդունել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին ուղղված առաջարկությունները։ Հատուկ զեկույցով կոչ է արվում խստացնելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ հնարավոր համարելով Պետդումայի ընտրությունների օրինականության մերժումը։
Զեկույցում նշված է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի Պետդումայի առաջիկա ընտրությունները օրինական չճանաչելուն եւ միջազգային խորհրդարանական վեհաժողովներին Ռուսաստանի անդամակցությունը բացառելուն, եթե ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական սկզբունքների խախտումով եւ կեղծված ճանաչվեն, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի բանկային համակարգի հնարավոր անջատմանը միջազգային ֆինանսական SWIFT համակարգից։