ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Արցախի Մարտակերտի շրջանի Ջանաթաղ բնակավայրից դեպի բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիել Նիկիտինը հայտնել է, որ սահմանազատման գծի մոտ տեղակայված բջջային կապի աշտարակը կանոնավոր սպասարկում է պահանջում: Նա նշել է, որ տեղական իշխանությունը օբյեկտի սպասարկման նպատակով գրունտային ճանապարհ է կառուցում եւ անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին:
Շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը հայտնել է, որ դիմել են խաղաղապահների օգնությանը՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ շինարարությունը կատարվում է Ադրբեջանի հետ սահմանից 200 մետր հեռավորությամբ: Նա նշել է, որ բջջային կապի աշտարակը 2000 բնակիչ ունեցող Ջանաթաղ բնակավայրի մոտ է:
Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրն Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի ապահովում է բջջային կապով ու գերարագ ինտերնետով:
Ճանապարհաշինական աշխատանքներ Մարտակերտում
Արցախի պետական հեռուստաընկերությունից հայտնել են, որ այս օրերին Մարտակերտի շրջանում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկը: «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած ծրագրի իրականացմամբ զգալիորեն կկրճատվի Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհը: Շրջանի մի շարք գյուղեր էլ մայրուղու հետ կկապվեն նոր, բարեկարգ ճանապարհներով: Այս պահին ընթանում են հողային աշխատանքները: