ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան հեռախոսազրույց են ունեցել՝ վերահաստատելով բազմոլորտ համագործակցությունը ընդլայնելու իրենց շահագրգռվածությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։
Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ արցախյան վերջին պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ՝ առանձնահատուկ կարեւորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետեւանքով ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է լարվածության թուլացմանը եւ կայունությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։