Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հեղինակած «Առավել արդար աշխարհ հնարավո՛ր է» գիրքը մտադիր է ներկայացնել առաջիկա օրերին Նյու Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին։
Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում ներգրավված Թուրքիայի առաջնորդը՝ ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, իր գրքում խոսում է համաշխարհային քաղաքականության ու անարդարությունների մասին։
Այլախոհներին աննախադեպ ճնշումների ենթարկող, իր բռնապետական կառավարմամբ հայտնի Էրդողանը արծարծել է փախստականների ճգնաժամի, երկակի ստանդարտների, իսլամաֆոբիայի թեմաները՝ պնդելով, թե ժամանակակից միջազգային հանրությունն ավելի շատ արդարադատության կարիք ունի։
«Ցավոք, համաշխարհային արդարադատության հաստատման համար պատասխանատու կառույցներն իներցիայով են աշխատում»,- գրել է Թուրքիայի նախագահը։