Թուրքիայում լույս տեսած «Խոսում են Քընալը կղզու հայերը» գրքում ներկայացված է Թուրքիայի Քընալըադա կղզում բնակվող հայերի հետ անցկացված հարցազրույցներից 12-ը։
Քընալըադան (Քընալը) Ստամբուլի Իշխանաց կղզիներից ամենափոքրն է, որը դեռեւս 19-րդ դարից հայաբնակ լինելու պատճառով կոչվել է «հայկական կղզի»:
Ժամանակի ընթացքում կղզում տներ են ձեռք բերել նաեւ ոչ հայեր, բայց այսօր էլ բնակչության մեծամասնությունն այնտեղ հայեր են, որոնք հատկապես ամառային ամիսներն անցկացնում են Մարմարա ծովում գտնվող գողտրիկ կղզում, որի գեղեցիկ առանձնատների մի մասը հայերն են կառուցել դեռեւս օսմանյան ժամանակաշրջանում: Ամռան ամիսներին այնտեղ հավաքվող 18-20 հազար հանգստացողներից 12-14 հազարը հայեր են:
Քընալըում գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցին, հայերը կղզում համախմբվում են պատրիարքարանի եւ հայկական կառույցների կազմակերպած ձեռնարկների շուրջ: Եկեղեցուց բացի՝ Քընալըում է գտնվում Գարագյոզյան հայկական վարժարանի մանուկների ամառային կազդուրման կայանը, «Գրիգոր Ջամպազյան մարզասրահը», ժամանակին այստեղ գործել է հայկական «Ներսեսյան վարժարանը», կա հայկական գերեզմանատուն:
«Խոսում են Քընալը կղզու հայերը» գիրքը «Հրանտ Դինք» հիմնադրամի «Լռության ձայնը» շարքի յոթերորդ հատորն է, որտեղ ներկայացված է պատմական այս կղզու հարուստ պատմությունը: Ինչպես «Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ Հրանտ Դինք հիմնադրամից, այս եւ «Լռության ձայնը» շարքի մյուս գրքերի նպատակը լսելի ու տեսանելի դարձնելն է Թուրքիայի տարբեր շրջաններում արմատներ ունեցող եւ Թուրքիայում կամ այլուր բնակվող հայերի պատմությունները: «Այս ուսումնասիրության շրջանակներում անցկացված բանավոր պատմության հարցազրույցները լույս են սփռում այս մշակույթի տարբեր դրսեւորումների վրա՝ անցյալում եւ ներկայում, մատնանշում կղզու կարեւորությունը հայ համայնքի համար եւ հատկապես այն փոխակերպումը, որը նա կրել է վերջին հիսուն տարվա ընթացքում Քընալըադայում՝ հազվագյուտ բնակավայր, որտեղ արեւմտահայ մշակույթը եւ լեզուն վերարտադրվում են հանրային ոլորտում»,- հայտնում են հիմնադրամից:
Անգլերենով լույս տեսած գրքի հարցազրույցների տեքստերում հայերի օգտագործած հայերեն բառերը շեղագիր են: Ծանոթագրության մեջ տրված են դրանց բացատրությունները, ինչպես նաեւ տեղի բարբառին հատուկ որոշ բառերի, հատուկ անունների, տեղանքների եւ իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։