Եվրոպական միության՝ Ավստրիայի նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Երկուստեք հայտարարություններ են արվել փախստականների ճգնաժամի շուրջ։
Կարոլին Էդթստադլերը հայտարարել է, որ նոր փախստականների ալիքի դիմաց միայնակ չեն թողնի ԵՄ-ից դուրս մնացած այնպիսի երկրների, ինչպիսին Կիպրոսն է։
Կարոլին Էդթստադլերը Թուրքիային մեղադրել է փախստականների հարցով ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար։
«Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք։ Սակայն մենք դա չենք ընդունելու։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ աշխարհի որեւէ այլ երկիր ԵՄ-ին շանտաժի չեն կարող ենթարկել»,- շեշտել է ավստրիացի նախարարը։
Վիզայի ազատականացումն ի զորո՞ւ կդարձնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Գերմանիան եւ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ական դաշնակիցներ, համերաշխություն եւ համակարգվածություն են դրսեւորել Աֆղանստանից տարհանվելիս, եւ անհրաժեշտ է նույն կերպ վարվել նաեւ այս ճգնաժամային շրջանում, որի միջով անցնում է Աֆղանստանը։
Ըստ թուրքական Hurriyet պարբերականի՝ Էրդողանն ընդգծել է, թե ոչ ոք չի ցանկանում, որ Աֆղանստանի դեպքում եւս կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2015-ին սիրիացի փախստականների ալիքի ժամանակ։ Նա շեշտել է, որ Թուրքիան իր վրա նոր ներգաղթի բեռ վերցնելու հնարավորություն չունի։
Կողմերը քննարկել են նաեւ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն քայլեր պիտի ձեռնարկի այնպիսի հարցերում, ինչպիսին է, օրինակ, վիզայի ազատականացումը Թուրքիայի քաղաքացիների համար։
Թալիբների սպասելիքները Թուրքիայից
Աֆղանստանում Թալիբանի ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին հայտարարել է, որ ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների հետ: Նա նշել է, որ կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ։
«Թուրքիայից մեր սպասումն այն է, որ Աֆղանստանի ժողովրդի կողքին լինեն եւ աջակցեն Աֆղանստանի ենթակառուցվածքների, մասնավորապես Քաբուլի օդանավակայանի վերականգնման աշխատանքներին: Այս հարցերի շուրջ մեր բանակցությունները կարող են արդյունք տալ շատ մոտ ապագայում»,- ընդգծել է Մութթաքին: