ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հայտնել է, որ ՔՈՎԻԴ-19 համավարակի եւ դրան հաջորդող արգելափակումների պատճառով աշխարհում աշակերտները բաց են թողել առկա ուսուցման 1.8 տրիլիոն դասաժամ, եւ այս թիվը գնալով աճում է: Որպես հետեւանք՝ սովորողները զրկվել են իրենց կրթությունից եւ կենսական նշանակության այլ օգուտներից, որոնք ապահովում է դպրոցը:
Աշխարհում 11 երկրի գրեթե 131 միլիոն դպրոցականներ 2020-ի մարտից 2021-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բաց են թողել առկա ուսուցման երեք քառորդը: Նրանց 59 տոկոսը կամ գրեթե 77 միլիոնը բաց է թողել առկա ուսուցմամբ իրականացվող գրեթե բոլոր դասաժամերը: Երկրների գրեթե 27 տոկոսը շարունակում է մասամբ կամ ամբողջովին փակ պահել դպրոցները: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալների՝ տարիքային բոլոր խմբերի ավելի քան 870 միլիոն սովորող այսօր էլ առերեսվում է կրթական խաթարումների:
Կրթական այս ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում ներկայացրել է «Կորցնելու ժամանակ չունենք» ինստալյացիան, որը տեղադրվել է ՄԱԿ-ի այցելուների սրահում՝ Գլխավոր ասամբլեայի շենքի դիմաց: Ինստալյացիայի կենտրոնական մասում դատարկ դասասենյակի գրատախտակի դիզայնով պատ է՝ ժամացույցով: Ժամացույցը իրական ժամանակ է հաշվարկում՝ ցույց տալով համավարակի բռնկումից ի վեր աշխարհում յուրաքանչյուր աշակերտի կողմից առկա ուսուցման բաց թողած դասաժամերի ընդհանրական քանակը, որ շարունակում է ավելանալ: Դատարկ դասասենյակն ունի 18 աշակերտական սեղան, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է համավարակով պայմանավորված կրթական խաթարումների ամիսների թիվը:
Ինստալյացիան ստեղծվել է Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ, երբ որոշ առաջնորդներ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ հնարավորություն կունենան անձամբ վերադառնալու ՄԱԿ-ի գլխամաս:
Ինստալյացիան, որ բաց է Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին անձամբ մասնակցող պատվիրակությունների համար, դատապարտող հիշեցում է, որ միլիոնավոր դպրոցականներ շարունակում են դպրոց չհաճախել եւ առաջնորդներին ուղղված կոչ է՝ այս կրթական ճգնաժամը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Այն գործելու է մինչեւ նստաշրջանի ավարտը՝ սեպտեմբերի 27-ը:
«Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ն իր դռներն է բացում աշխարհի պատվիրակությունների համար: Սակայն բազմաթիվ երկրներում դպրոցների դռները շարունակում են փակ լինել աշակերտների համար»,- նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Մենք անազնիվ ենք մի ամբողջ սերնդի նկատմամբ, որի միտքն ու ապագան ասեղից է կախված: Մենք պետք է առաջնահերթություն տանք դպրոցների վերաբացմանը եւ աջակցենք նրանց, ովքեր համավարակի ընթացքում այն բաց են թողել: Կորցնելու ժամանակ չունենք»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ դպրոցների վարչական անձնակազմին կոչ է անում հնարավորինս շուտ վերաբացելու դպրոցները եւ ձեռնարկելու դպրոցներում վարակի տարածումը նվազեցնելու բոլոր հնարավոր քայլերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ), ՄԱԿ-ի պարենային ծրագիրը եւ Համաշխարհային բանկը ավելի վաղ համատեղ մշակել եւ հրապարակել են Դպրոցների վերաբացման ծրագիր՝ պետական կառավարման մարմիններին ուղղված գործնական եւ «ճկուն» խորհուրդներով՝ աջակցելու համար նրանց կողմից դպրոցները վերաբացելու ուղղությամբ իրականացվող ջանքերին: