Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում բանաձեւի նախագիծ է ընդգրկվել, որի նպատակն է հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրների հետեւանքները վերացնելուն օժանդակելը եւ խաղաղության ու հաշտեցման գործընթացն առաջ մղելը։
ԵԽԽՎ պաշտոնական կայքը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ողբերգական հակամարտությունից հետո միգրացիոն հանձնաժողովը կազմել է կողմերին ուղղված մի շարք առաջարկներ։ Հանձնաժողովը հաստատել է Հայաստան եւ Ադրբեջան այցելած իռլանդացի պատգամավոր Պոլ Գեյվենի զեկույցի հիման վրա կազմված բանաձեւն ու առաջարկները։
Հանձնաժողովն ընդգծել է, թե մտահոգված է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների եւ այլ անօրինական գործողությունների մասին դատապարտելի բազմաթիվ դրվագներով։
Թվարկելով մեղադրանքները՝ հանձնաժողովը կողմերին կոչ է արել ամբողջովին հետաքննելու դրանք եւ պատասխանատվության ենթարկելու բոլոր մեղավորներին՝ ընդհուպ հրամանատարների մակարդակով, ինչպես նաեւ լիակատար համագործակցելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ՝ նրանց դեմ ներկայացված հայցերի գործերով։
ԵԽԽՎ հանձնաժողովը կարեւորել է հաշվետվություն տալը, ճշմարտության վերհանումը եւ հաշտեցումը՝ ընդգծելով, որ առանց դրանց մեղադրանքները կթունավորեն երկու երկրների միջեւ հարաբերությունները մի քանի սերունդների ընթացքում, եւ հակամարտության հետեւանքները կպահպանվեն:
Հանձնաժողովը ողջունել է հունիսին եւ հուլիսին Ադրբեջանի կողմից հայ գերիների երկու խմբերին ազատ արձակելը, ինչի շնորհիվ վերադարձվածների թիվն անցավ հարյուրը, եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակելու գերության մեջ պահվող բոլոր մարդկանց եւ նրանց վերադարձնելու Հայաստան։
Հանձնաժողովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ անցած տարվա նոյեմբերից մարտական գործողությունների ավարտից հետո 159 ադրբեջանցիներ եւ 5 հայեր զոհվել կամ վիրավորվել են ականների վրա պայթելու հետեւանքով, եւ Հայաստանին կոչ է արել անհապաղ տրամադրելու իր մոտ գտնվող ականապատված դաշտերի բոլոր քարտեզները։
Մայիսյան սահմանային միջադեպերի հետ կապված, երբ Հայաստանը Ադրբեջանին մեղադրեց երեք ուղղություններով մի քանի կիլոմետր իր տարածք մտնելու մեջ, ԵԽԽՎ հանձնաժողովը երկու կողմերին կոչ է արել թուլացնելու լարվածությունը եւ սկսելու սահմանագծման գործընթացի բանակցությունները։
Տեղահանվածների վերաբերյալ հանձնաժողովը միջազգային հանրությանը կոչ է անում շարունակելու աջակցությունը Հայաստանին եւ Ադրբեջանին, իսկ կողմերին՝ արդյունավետ օգտագործելու Եվրոպայի խորհրդի փորձառությունը։ Կողմերին նաեւ առաջարկվում է պայքարել ատելության հրահրման, ատելության շարժառիթներով հանցագործությունների դեմ՝ նաեւ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ համապատասխան օրենսդրություն ընդունելու ճանապարհով։
Հանձնաժողովը նշել է, որ երկարատեւ հակամարտությունը աղետալի հետեւանքներ է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության եւ գույքի վրա։
Հանձնաժողովի անդամները երկու հատուկ կարծիք են ներկայացրել, որոնք կցվել են իռլանդացի պատգամավորի զեկույցին։ Բանաձեւը քննարկվելու է սեպտեմբերի 27-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում: