Ամեն տարի մեծ հանդիսավորությամբ, շքեղ հրավառությամբ նշվող տոնն այս անգամ անցկացվեց առանց զանգվածային միջոցառումների՝ զուսպ ու գրեթե աննկատ: Եղան մի քանի ցուցահանդեսներ, բացվեցին ու վերաբացվեցին մշակութային հաստատություններ։
Ավելի վաղ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ներողություն էր խնդրել գյումրեցիներից եւ հայտնել, որ համավարակի պայմաններում զանգվածային միջոցառումներ չեն լինելու։ Փոխարենը քաղաքապետարանը 700 հազար դրամ հատկացրեց 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային ծառայությունից վերադարձած տղաներին շնորհակալագրերով եւ հուշանվերներով պատվելու համար։
Օրվա ամենածավալուն իրադարձությունը տեղի ունեցավ «Թումո» կենտրոնի վերածված Ալեքսանդրապոլի հին թատրոնի շենքում, որը հայտնի է եղել նաեւ «Ժողովրդի տուն» անունով։ Վերակառուցված կենտրոնի բացմամբ նշվեց «Թումո Հայաստան»-ի տասնամյակը։ Սա նաեւ մեկնարկն էր «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի խոշոր քաղաքներում ստեղծվելու են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած 16 «Թումո» կենտրոններ, իսկ 110 փոքր համայնքներում՝ «Թումո տուփ»-եր։
Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, որտեղ սովորել են Մինաս Ավետիսյանը, Ասլամազյան քույրերը, քանդակագործ Զավեն Կոշտոյանը եւ հայտնի այլ արվեստագետներ, տոնական մթնոլորտ էր։ Մեկնարկեց ավանդույթներով հարուստ նկարչական դպրոցի 100-ամյակի միջոցառումների շարքը։ Դպրոցի տնօրեն Ժակլին Սարգսյանն ասաց, որ նորարարական մոտեցումներով զարգացնելու են դպրոցը՝ պահելով եւ պահպանելով եղածը։
Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հարեւան «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը քաղաքի տոնի հետ նշեց իր գործունեության 30-ամյակը։
Հայրաքաղաքի օրհներգը համարվող «Գյումրի-Լենինական» երգով Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը շնորհավորեց հարազատ քաղաքի եւ իր տոնը։ Երեք տասնամյակ տնակային պայմաններում աշխատելուց հետո այն վերջապես ունեցավ սեփական փոքր համերգասրահը։
Բացվեց նաեւ գյումրեցի քանդակագործ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը, տեղի ունեցան ցուցահանդեսներ քաղաքի տարբեր անկյուններում։
Գյումրու օրը նշելու ավանդույթը սկիզբ է առել 2003 թվականին, այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։