Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Իրանը եւ Հայաստանը կապող մայրուղու խնդրին։ Ըստ իրանական IRNA գործակալության՝ մամուլի քարտուղարն ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ Իրանը փորձում է իր հարեւաններին հավասարակշռված աջակցություն ցուցաբերել:
Խաթիբզադեն շեշտել է, որ տարածաշրջանային համագործակցությունը խաղաղության եւ կայունության հիմքն է։ «Այն, ինչ հիմա կատարվում է, պետք է վերածվի հավաքական համագործակցության։ Մենք փորձում ենք հեշտացնել Բաքու-Երեւան պայմանավորվածությունները, եւ միակ ելքը համաձայնության գալն է»,- շեշտել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը հարեւան երկրների զարգացումը համարում է իր զարգացումը: «Բոլոր հարեւանները պետք է իմանան, որ զարգացման, խաղաղության ու կայունության ուղին միասնական ճանապարհ է»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման խնդրին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին։ Նա պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար: