Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթումը ճգնաժամի եզրին է կանգնեցրել տնտեսապես ու քաղաքականապես արդեն իսկ հյուծված երկիրը: Բնակիչների տրամադրությունները մինչեւ հիմա արտագաղթային են: Պայթումից հետո կատարված հարցման համաձայն, Լիբանանի քրիստոնյաների (որոնց մեջ նաեւ՝ հայեր) 41%-ը, սուննի մահմեդականների 38%-ը եւ շիա մահմեդականների 36%-ը ցանկություն են հայտնել արտագաղթելու այդ երկրից:
Կոռուպցիան, գործազրկությունը, գնաճը եւ դրա հետ կապված ազգային արժույթի արժեզրկումը, առողջապահական համակարգի բազում թերություններ (որ ի հայտ եկան կորոնավիրուսային համաճարակի տարածմանը զուգահեռ), անապահովությունը (քաղաքական սպանություններ, պայթումներ, իրարահաջորդ հրդեհներ) բնակիչներին ստիպում են լքել երկիրը եւ ապահով տանիք փնտրել:
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրում գործող տարբեր օտարերկրյա հյուպատոսություններ վերջին շրջանում գաղթի մոտ 400 հազար հայտ են ստացել Լիբանանի քաղաքացիներից։
«Ալիք մեդիա»-ին այս տվյալները հաղորդելով՝ Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայոց ու Մերձավոր-արեւելեան պատմության դասախոս Արա Սանջյանն ասում է՝ թեեւ Լիբանանում արտագաղթի սրված տրամադրություններ կան, բայց աշխարհում շատ չեն այն պետությունները, որոնք պատրաստ են ներգաղթյալներ ընդունելու։
Մինչեւ Արցախի երկրորդ պատերազմը լիբանանահայերն այս իմաստով առավելություն ունեին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ էր նրանց անմիջապես քաղաքացիություն շնորհել եւ հրապարակային ողջունել էր հայրենակիցների Հայաստան փոխադրվելն ու այստեղ հաստատվելը։
«Լիբանանի կրոնական համայնքներից ոչ մեկը նման հնարավորություն չունի»,-մինչեւ պատերազմն այս համոզմանն էր պատմաբան Արա Սանջյանը։ Բայց նաեւ կասկածում էր՝ Հայաստանն արդյոք հնարավորություն ունի՞ ընդունելու մեծ թվով ներգաղթյալներ, լուծելու նրանց բնակարանի հարցերն ու ապահովելու գոհացուցիչ եկամտով:
Այսուհանդերձ, մի քանի հարյուր լիբանանահայ մինչեւ Արցախի պատերազմը փոխադրվել էր Հայաստան, նույնիսկ՝ Արցախ, շատերն էլ պատրաստվում էին փոխադրվել, երբ վրա հասավ սեպտեմբերի 27-ը:
Պատերազմն, ըստ պատմաբանի, ցույց տվեց, որ հայկական իշխանության ներքո գտնվող տարածքների վրա ժողովրդագրական մարտահրավերների լուծումը (գոյություն ունեցող Հայաստանն ուժեղացնելու համար) հիմա շատ ավելի կարեւոր է, քան թվում էր 2-3 ամիս առաջ։
Լիբանանի իրադրության եւ հայության տեղաշարժերի վերլուծությունը կներկայացնենք Արա Սանջյանի հետ արված ընդարձակ հարցազրույցով։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։