Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսության, եթե արդյունավետ շփումներ սկսվեն Երեւանի եւ Անկարայի միջեւ:
«Վարչապետը խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում պատմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու իր տեսլականի մասին՝ հայտարարելով, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ։ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դեմքերի միջեւ դեռեւս չեն եղել շփումներ, թեեւ Հայաստանի գործադիրը պատրաստ է նման շփումների։ Նման արդյունավետ աշխատանքի դեպքում Հայաստանը պատրաստ է բարձր եւ բարձրագույն մակարդակի հանդիպումների»,- ընդգծել է Գեւորգյանը։
Պաշտոնական Երեւանն ու Անկարան հուլիսից հեռակա ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Մասնավարապես Նիկոլ Փաշինյանը նշել է, թե դրական ազդակներ կան Անկարայից, Թուրքիան իր հերթին ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարել է, որ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման եւ բարիդրացիության հիման վրա պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Երեւանի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել։ Ի պատասխան՝ Էրդողանը վերստին շոշափել է «Նախիջեւանի միջանցքի» թեման՝ ակնարկելով, որ սպասում է հայկական կողմի հստակ քայլերին։
Իր հերթին ՌԴ փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը, պատասխանելով «Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվում է» հարցին, հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում:
Օվերչուկն ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը։