ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Երեւանում անցկացվող ռուս-հայկական գործարար համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բազմաթիվ բեկումնային նախագծեր ու գաղափարներ ունեն:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերոջ իր կարգավիճակը՝ չնայած համավարակին։ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց եւ համավարակից ի վեր երկու երկրների միջեւ առեւտուրը կրկնապատկվել է՝ 1,3 միլիարդ դոլարից հասնելով 2,5 միլիարդ դոլարի:
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ համագործակցության հեռանկարները մեծ են, «կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ, եւ ամենակարեւորը` դրանք իրականացնելու ցանկություն»։
Ալեքսեյ Օվերչուկը շեշտել է, որ ՌԴ–Հայաստան առեւտրաշրջանառության եւ ներդրումային փոխազդեցության ավելացման նպատակով սկսվել է միջնաժամկետ հեռանկարում՝ մինչեւ 2025 թվականը նոր ռազմավարական միջկառավարական փաստաթուղթ մշակվել: Տնտեսական համագործակցության այդ ծրագրում կարձանագրվեն նաեւ երկու երկրների տնտեսական համագործակցության հիմնական ոլորտները:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ստանալը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Նա ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում է որպես Հայաստանի ավելի քան 25 տարվա շրջափակումը հաղթահարելու հնարավորություն։