ՌԴ Պետդումայի՝ սեպտեմբերի 17-19-ը անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Պետական դումայում կպահպանի սահմանադրական մեծամասնությունը։
Քվեաթերթիկների շուրջ 99 տոկոսի հաշվարկով՝ «Եդինայա Ռոսիան» կստանա ձայների մոտ 50 տոկոսը։ Այդպիսով` օրենսդիր մարմնի 450 տեղերից 315-ը, ըստ նախնական հաշվարկների, բաժին կընկնի «Եդինայա Ռոսիա»-ին։ Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ մոտ 19 տոկոս ձայներով:
Ռուսաստանի օրենսդիր մարմնում ներկայացված կլինեն նաեւ Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Պետդումայի նախկին խոսնակ Սերգեյ Միրոնովի «Արդար Ռուսաստան» կուսակցությունը եւ ընտրություններին առաջին անգամ մասնակցած «Նոր մարդիկ» կուսակցությունը։
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակից հետո հրաժարվելու են Պետդումայի իրենց մանդատներից։
Խորհրդարանի ստորին պալատում կարող են հայտնվել կուսակցական ցուցակի առաջին հնգյակի մյուս անդամները՝ Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելեւան եւ ՌԴ Երեխայի իրավունքների գծով լիազոր Աննա Կուզնեցովան։