Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանի խոսքը, որ Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ոչ մի թիզ չի զիջվելու, մամուլում եւ սոցցանցերում հույզերի փոթորիկ է բարձրացրել։
Հասկանալի, ինչ-որ տեղ նաեւ ընդունելի է, բայց երբ Ազգային ժողովի պատգամավորն է վարչապետին «պատին դեմ տալիս» եւ պահանջում, որ նա պարզորոշ հայտարարի, թե ՀՀ-ն ճանաչո՞ւմ է ՀԽՍՀ սահմանները, դա արդեն ոչ այնքան արտառոց, որքան վտանգավոր է:
Պատգամավորն, իհարկե, գիտի, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ–ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, եւ երկիրն այլ սահմաններ պարզապես չի կարող ունենալ, քան ժառանգվածն է: Եվ եթե դու դա չես ճանաչում, ապա ՀՀ սուվերեն տարածք ասելով ի՞նչ ես հասկանում:
Եթե վարչապետին «գոտկատեղից ներքեւ խփող» պատգամավորը վաղը ԵԽԽՎ-ում հայտարարի, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, եւ մեկը հարցնի՝ «իսկ ո՞րն է հայ-ադրբեջանական միջպետական սահմանը», նա ի՞նչ է պատասխանելու: Ասելու է՝ «դա Օմար-Արաքսի հովիտ գի՞ծն է»: Եթե իրեն հարգում է, չի ասի: Իսկ եթե հանկարծ տրվի «իսկական հայ լինելու» գայթակղությանը եւ ուղղակի կամ ենթատեքստով նման միտք հնչեցնի, ապա նրան կլսեն քաղաքավարական քմծիծաղով եւ այլեւս ադեկվատ մարդ չեն համարի:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում հնարավոր է «Անդրանիկ փաշա» կամ «Խմբապետ Շավարշ» խաղալ: Հանրության մի զգալի հատվածին նույնիսկ հաճելի է դա տեսնել, լսել եւ մի քանի րոպե անց Ֆեյսբուքում Փաշինյանին «թուրք» անվանել: Դրա համար առանձնակի քաջություն պետք չէ, ինչից, սակայն, չի հետեւում, թե վարչապետն օժտված է քաղաքական անձեռնմխելիությամբ, նրան քննադատել չի կարելի:
Կարելի է եւ պետք է, բայց Փաշինյանը ճիշտ է, երբ ընդդիմությանը հորդորում է չկրկնվել, տեսնել նոր թիրախներ, բարձրաձայնել: Ինչ-որ տեղ, կարծես, վարչապետը խնդրում է, որ ընդդիմությունն օգնի իրեն: Դա, գուցե, նրան պետք է, որպեսզի այս կամ այն հարցում զիջումների չգնալու հիմք ունենա՞:
Կարծեմ, կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս էր, երբ Փաշինյանն ասաց, որ մարտահրավերներն ավելի լուրջ են, քան այդ մասին կարելի է բաց խոսել խորհրդարանի ամբիոնից: Ընդդիմությունը տեղյա՞կ է, թե ակնարկն ինչի մասին է: Հնարավոր է՝ ոչ, բայց նրա պարտքն է բոլոր խողավակները գործի դնել՝ գոնե ընդհանուր գծերով իմանալու եւ այդ մասին բարձրաձայնելու: «Տիգրանաշենը հանձնում են» կարգի քարոզչությունն այլեւս չի աշխատում:
Փաշինյանը միանշանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը տեղի է ունենալու խորհրդային քարտեզներով: Պարզ ասած՝ մեր հայրենիքը պարփակված է ՀԽՍՀ սահմաններով: Սա է իրողությունը: Եվ պետք չէ դիսկուրս գեներացնել, թե Ադրբեջանը տոչորված է այն իրավաբանորեն ամրագրելու, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ցանկությամբ: Ամենեւին էլ այդպես չէ, եւ հենց Ադրբեջանն է, որ ձգձգում է խորհրդային քարտեզներով հայ-ադրբեջանական պետական սահմանազատում եւ սահմանագծում սկսելու գործընթացի մեկնարկը:
Պատճառը շատ պարզ է: Հայաստանի հետ այդ հիմքով որեւէ պայմանագիր հակասում է Ադրբեջանի սահմանադրությանը, որը կառուցված է խորհրդային իրողություններից հրաժարվելու եւ 1918-1920 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդությունն ընդունելու հիմքերի վրա: Վերադառնալ խորհրդային իրողություններին եւ դրանք իրավաբանորեն ճանաչելու պարտավորություն ստանձնել՝ Ադրբեջանի համար նշանակում է ընդմիշտ հրաժարվել «միասնական Զանգեզուրի» տեսլականից եւ կանգնել նախկին ԼՂԻՄ վարչատարածքային ամբողջականությունը ճանաչելու հրամայականի առաջ:
Որքան էլ արտառոց հնչի, սա դիվանագիտական ռեսուրս է հայկական կողմերի համար, ինչի գիտակցումով էլ, թերեւս, Իլհամ Ալիեւը շարունակում է խաղալ ժամանակի գործոնի վրա. հարավարեւելյան Ասիայից՝ Բրեստ, Պարսից ծոցից՝ Բալթիկ ծով. հսկայական Եվրասիան եռում է: Եվ որտեղ էլ տեղային կամ ծավալուն պատերազմ պայթի, Ադրբեջանն ապահովագրված է լինելու թուրքական, պակիստանյան «հովանոցով»:
Գուցե սխա՞լ հաշվարկ է, դա ավելի լավատեղյակ եւ խորագիտակ փորձագետները թող ասեն, բայց ընդհանուր տպավորություն է, որ Իլհամ Ալիեւը ձգում է՝ նպատակ ունենալով առաջին իսկ «լեգիտիմ առիթի» դեպքում օկուպացնելու Սյունիքը, Սեւանի արեւելյան ափերը, ինչո՞ւ չէ՝ մտնելու Երեւան:
Եթե սա չափազանց հոռետեսական է, ապա վերաձեւակերպեմ այսպես. տեսանելին Հայաստանի «սիրիականացումն» է: Ընդամենը երկու-երեք տարի առաջ հիպոթետիկ էր թվում, որ Շուշին կընկնի: Եվ երբ որեւէ մեկը շատ զգուշորեն արծարծում էր ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձի, պատերազմին վերջ դնելու թեման, նրան նայում էին որպես այլմոլորակայինի կամ դավաճանի: Բայց դա տեղի ունեցավ, չէ՞: Եվ երաշխիք չկա, չէ՞, որ չի լինի «սիրիականացում»:
Փաշինյանը քաղաքական կատարյալ գործիչ չէ, պետական՝ առավել եւս: Նա պատմական պատասխանատվություն է կրում 44-օրյա պատերազմը չկանխելու, Հայաստանը եւ Արցախը ողբերգության մատնելու, տարածքային, մարդկային եւ նյութական անչափելի կորուստների, երկրի ինքնիշխանությունը խարխլելու համար: Մի օր նրանից հաշիվ պահանջվելու է: Բայց Փաշինյանի փանջունիության այլընտրանքը «Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք» ըղձախոսությունը չէ, այլ հաշվենկատ պրագմատիզմը:
Մեզ համար այլեւս մի՝ վատի եւ վատթարի միջեւ ընտրության հնարավորություն կա: Եվ Փաշինյանը, կարծես, ձգտում է, որ այդ ճշմարտությունը հնչի ընդդիմությունից: Իսկ նա «ձկան պես» լռում է:
Փաշինյանի վախը հասկանալի է՝ ճշմարտությունը խոստովանելու դեպքում իր օգտին քվեարկած քաղաքացիների առնվազն կեսը կզղջա եւ երես կթեքի: Ընդդիմությո՞ւնն ինչից է զգուշանում. ահա ինտրիգը: Թե՞ նրանք նույն «գործի վրա են»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։