Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանի հակառակորդների անհիմն գործողությունները ջախջախիչ հարված կստանան։ Նա Իսրայելին հորդորել է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից եւ անհեթեթ հակաիրանական մեկնաբանություններից։
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Աշտիանին ընդգծել է, որ Իրանը վճռական է տրամադրված ռազմական իր ծրագրերը առաջ մղելու հարցում, որոնք հիմնված են երկրի ռազմական դոկտրինի վրա։
«Իրանն արդեն ցույց է տվել, որ իր պաշտպանունակությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռքբերումները ուղղված են միայն երկրի անվտանգության ապահովմանը, սահմանների պաշտպանությանը և ցանկացած պոտենցիալ սպառնալիքի կամ ագրեսիայի դեմ պայքարին»,- ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարը:
Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաքերին եւս ավելի վաղ հայտարարել է, որ իրանական ռազմական ուժերը պատրաստ են վճռական և ջախջախիչ պատասխան տալու ցանկացած մակարդակի սպառնալիքի այնպես, որ Իրանի թշնամիները փոշմանեն: