Ինչպես հաղորդում են ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ՝ ներկայացնելով ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության եւ գերեվարված անձանց նկատմամբ։
Քննարկվել են նաեւ պատերազմի պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։
Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաեւ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։