Այսօր հատկապես շատ են խոսելու անկախության, ինքնիշխանության մասին, մի կողմից՝ օսլայած բառամթերքով քողարկելու են դրանց շուրջ առաջացած վտանգները, մյուս կողմից՝ դրանց իսպառ բացակայությունն են գուժելու։ Մի պահ կանգ առնենք ու փորձենք հասկանալ՝ ինչ կա բառերի տակ առանց օսլայի ու սեւ ժապավենի։
Ավանդաբար, ինքնիշխանության գաղափարի շուրջ քաղաքական այնքան միֆեր են ի հայտ գալիս, որ այն թյուրընկալումների հսկա դաշտ է բացում։ «Ինքնիշխանություն» հասկացությունը կերպափոխումների է ենթարկվել Արիստոտելից մինչեւ ֆրանսիական ու ամերիկյան հեղափոխություններ եւ հասնելով 20-21-րդ դարեր՝ շարունակ քննարկման առարկա դարձել, թե որտեղ են սկսվում ու ավարտվում ինքնիշխանության սահմանները։
Դեռեւս Երկրորդ համաշխարհայինից հետո ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուն պնդում էր՝ ինքնիշխանությունը հաճախ այն չէ, ինչ վերագրվում է նրան։ Ու պատճառը, ինչպես նշեցինք, հասկացության շուրջ հյուսված քաղաքական միֆերն են։
Միֆերից մեկը արտաքին ու ներքին ինքնիշխանությունների տարանջատման հարցն է։ Ոմանք այն մտայնությունն ունեն, թե եթե կա պետական ինքնիշխանություն, ժողովրդական ինքնիշխանության անհրաժեշտությունն այլեւս չկա։ Այս մոտեցման պատճառով է, որ տեղի ունեցող ցանկացած զարգացում մեկնաբանվում է որպես կա՛մ նվեր, կա՛մ պարտադրանք դրսից․ անկախությունն իբրեւ թե մեզ նվիրել են, պատերազմ կանխելու համար մենք իբր ոչինչ չէինք կարող անել, մեր ներքին հարցերն իբր նույնպես դրսում են որոշվում։
Որքան էլ այս պնդումները ճշմարտության հատիկ պարունակեն, չափազանցված են ու վտանգավոր, քանի որ դրդում են անգործության, հասարակությանը գցում են «ամեն ինչ նախասահմանված է» ընդարմացման մեջ։ Ամեն օր պետական ու հանրային յուրաքանչյուր օղակում որոշումների կայացումից կամ դրանք անտեսելուց է կախված նաեւ ինքնիշխանության ներկա մակարդակի ողջ ներուժի օգտագործումը կամ դրա մսխումը՝ «դե, մեզնից ոչինչ կախված չէ» ձեւակերպմամբ։
Ինքնիշխանության ու բացարձակ անկախության միջեւ հավասարության նշան դնելը նույնպես միֆերից մեկն է։ Տնտեսական, քաղաքական, մշակութային ու բոլոր մյուս բնագավառներում բացարձակ անկախ պետություն գոյություն չունի։ Անգամ ամենից ազդեցիկ ու հզոր տնտեսությամբ երկրները բացարձակ անկախ չեն այս իմաստով։
Ու երբ այս հասկացությունը նույնացնում են ինքնիշխանության հետ, ինքնիշխանությանը նույնպես կախյալության հատկանիշ են վերագրում։ ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում իր ընտրողներին խոստանում էր վերադարձնել ԱՄՆ ինքնիշխանությունը։ Նա, իհարկե, տնտեսական ավելի մեծ անկախության խոստում նկատի ուներ, բայց էլի դա ինքնիշխանության հետ էր նույնացնում։
Այստեղից բխում է եւս մեկ միֆ. բոլոր ինքնիշխան պետությունները հավասար են։ Ու երբ տնտեսական, քաղաքական, ռազմական, աշխարհագրական եւ մյուս կարողությունների համեմատությամբ այլ պատկեր ենք ստանում, եզրակացնում ենք, որ ինքնիշխանությունը մի դեպքում ավելին է, քան ուրիշ երկրում։ Այնինչ, ինքնիշխան պետություններն ամենօրյա որոշումներով, ռազմավարական զարգացման ուղիներ ընտրելով, գաղափարներ որդեգրելով իրենք են որոշում, թե տնտեսական, քաղաքական, մշակութային ինչ ու ինչպիսի կախվածությունների մեջ լինեն։
Այլ կերպ ասած՝ ինքնիշխանություն կոչվածը մի պատնեշ-ցուցանակ է, որն ազդարարում է՝ մուտքն արգելված է։ Բայց պատնեշն այդ ծակոտկեն է, ու եթե ծանր հրետանին դրա առաջ կանգ է առնում (տրամաբանությանը հակասող օրինակները չհաշված), ապա ամենատարբեր տնտեսական, քաղաքական, գաղափարական, մշակութային տարրեր ներս են սողոսկում։
Ու ինքնիշխան պետության նպատակը ոչ թե այդ պատնեշը կարծրացնելն է, այլ գաղափարական այնպիսի կուռ համակարգ ստեղծելը, որ յուրաքանչյուր ներթափանցող տարր գործիք կամ ռեսուրս դառնա տնտեսական, քաղաքական, մշակութային առումով ավելի հարստանալու։ Որովհետեւ ծակոտիներն ամբողջությամբ փակելն ու աշխարհից լրիվ մեկուսացած ապրելը ոչ միայն անհնար, այլեւ վնասակար է որեւէ պետության, հասարակության համար։
Կարեւոր է նաեւ, որ ինքնիշխանության, անկախության, դրանց շուրջ հյուսված միֆերի համատեքստում պետական մտածողությունը իր տեղը չզիջի համայնքային մտածողությանը։ Որեւէ համայնքի կարգավիճակում՝ կլինի ազգային, կրոնական, մշակութային, հնարավոր է մեկուսացման պատեր կառուցել ու չանհանգստանալ համայնքի կենսունակության համար։ Պետության պարագայում դա անհնար, փակուղի տանող, խեղդող միջոց է։
Ինքնիշխանության ընկալման տեսանկյունից էական է նաեւ, որ Հայաստանի մասին խոսելիս չմոռանանք, որ խոսում ենք մե՛ր հայրենիքի մասին ու որ մե՛ր պետության քաղաքացիների դիրքից ենք խոսում․ ոչ թե Իրանի ու Վրաստանի հարեւանի, ոչ թե Ռուսաստանի դաշնակցի, ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամու, ոչ էլ Եվրոպայի արեւելյան հարեւանի։ Մենք խոսում ենք մեր պետության, մեր հայրենիքի մասին։ Մեր հայացքը պիտի լինի ներսից նայողի, ներհայեցողի, պետության ապագայի համար պատասխանատուի, ապագայում հույս տեսնողի ու ստեղծողի հայացք։
Ու հայրենիքի մասին հոգածության մեջ չպիտի մոռանանք Մաթեւոսյանի խոսքերը․ «Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր։ Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան․․․Մեր ներկայությամբ երկիրդ Հայաստան է ասվելու, մայրդ` մայր, քույրդ` քույր, կաթողիկոսդ վեհափառ է կոչվելու, եւ նախագահդ` նախագահ: Թե չէ գիտես` աշխարհի լեզուն անսահմանորեն բառաշատ է, ուրիշ բառեր ունի ե՛ւ երկրի, ե՛ւ կաթողիկոսի, ե՛ւ հենց ինձ ու քեզ համար: Ինձ ու քեզ համար»։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։