Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 21-ին հրապարակել է 2008-ի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությանն առնչվող երկու որոշում:
Առաջին վճիռը վերաբերում է «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: 2008-ի մարտի 2-ին՝ Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը, նա փորձել է Գյումրիի Թատերական հրապարակում ցույց անել, սակայն ոստիկանությունն արգելել է։ Լեւոն Բարսեղյանին ձերբակալել են եւ ենթարկել վարչական տուգանքի։
Լեւոն Բարսեղյանը, հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ՝ հավաքների ազատությանը վերաբերող հոդվածի վրա, հայտարարել էր, որ ոստիկանների գործողությունները հիմնավորված չեն, քանի որ 2008-ի մարտին Գյումրիում բռնություն կամ անկառավարելի իրավիճակ չի եղել:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին՝ իբրեւ «Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուի, կառավարությունը պետք է վճարի 1500 եվրո:
Մյուս դիմումատուի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ ««Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործը նույնպես առնչվում է 2008-ին հայտարարված արտակարգ դրությանը։ Վիճակարկվել է արտակարգ դրության օրերին թերթի հրապարակման վրա արգելանք դնելու որոշումը (Հոդված 10՝ Խոսքի ազատություն):
Դիմումատուն նաեւ պնդել է, որ ներպետական ատյաններում խախտվել է արդար դատաքննության իրավունքը (Հոդված 6, § 1), քանի որ իրենց գործը քննած դատարանը «օրենքով սահմանված տրիբունալ չէր»:
2008-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր, նա այդ պաշտոնին էր 1999-2012 թվականներին:
Դատարանի որոշմամբ ՀՀ Կառավարությունը 9000 եվրո կվճարի դիմումատուին: