Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Արմեն Սարգսյանին:
Իրանի ղեկավարը կարեւորել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ վերջին տարիներին քանակական եւ որակական աճ գրանցած փոխադարձ կառուցողական հարաբերությունները:
Իբրահիմ Ռայիսին ընդգծել է, որ երկու հարեւան երկրի լայն հնարավորությունները եւ նոր տարածաշրջանային ու միջազգային պայմաններն անհրաժեշտ են դարձնում փոխադարձ կապերի ամրապնդումը, երկկողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված ջանքերը, փոխգործակցության ուղիների որոնումը եւ տարբեր ասպարեզներում կապերի խորացումը:
Իրանի նախագահը շեշտել է, որ Իրանի եւ Հայաստանի նոր կառավարությունները կարող են նշանակալի ձեռքբերումներ ունենալ նոր դարաշրջանում, նպաստել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը եւ գործել ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Ռայիսին կարեւորել է Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների մակարդակն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ տնտեսական էներգետիկ ոլորտում, տրանսպորտի եւ ֆինանսական համագործակցության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը խթան կլինի եւ բեկումնային կետ կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: