Այսօր Անկախության օրն է: Իսկ ես ուզում եմ խոսել Ալցհեյմեր հիվանդության մասին, որը մարդուն զառամյալ է դարձնում ցանկացած տարիքում:
Հիվանդության առաջին նշանները նկատելի չեն: Ժամանակի ընթացքում մարդը կորցնում է կապը իրականության հետ, հետո կամաց-կամաց կորցնում նաեւ մտածելու ունակությունը։ Բույսի վերածվելուց առաջ ամբողջությամբ կորցնում է հիշողությունը: Այս հիվանդությունը բուժում չունի։
Նա չգիտի՝ ինչ է խնամքը, դադարում է իրեն հետեւելուց։ Նրան հնարավոր չէ հասկացնել, որ ինքը խնամքի կարիք ունի, իսկ խնամելիս նրա կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Ըստ էության պետք էլ չէ։ Նա որոշումներ չի կայացնում։
Հիվանդության սկզբում մարդը դեռ կարող է լինել քմահաճ, ավելին՝ կարծում է, թե ինքն է կառավարում իրավիճակը, դիցուք կարող է ասել. «Կզիջենք Ղարաբաղը, երբ ստիպված կլինենք»։ Եվ նրան թվում է, թե շրջապատում իրեն վատ են հասկանում։ Նա կարող է դավադրություն ու խարդավանք տեսնել յուրաքանչյուրի արարքում, բայց որեւէ կերպ չհամաձայնել, որ կան «ախտանշաններ», եւ դրանք իրե՛նն են։
Անիմաստ է հիվանդին որեւէ բան բացատրել, նրան պետք է պարտադրել, ասենք, համապատասխան դեղը, նույնիսկ եթե դիմադրում է։
Ոչ ոք չգիտի Ալցհեյմերի ծագման աղբյուրն ու պատճառները։ Մարդիկ մի օր հանկարծ հիվանդանում են։
Ամենասարսափելին այն է, որ հիվանդության սկզբնական շրջանում այն չի ախտորոշվում։ Մարդն առանձնապես լուրջ ֆունկցիոնալ խանգարումներ ցույց չի տալիս։ Թվում է, թե ինչ-որ «պայծառացումներ» են ի հայտ եկել։ Միայն այդ «պայծառացումների» ամենօրյա ինտենսիվությունից ես հասկանում, որ մի բան այն չէ։
Հիվանդությունը հետաքրքիր մի հատկություն էլ ունի. ինչքան երիտասարդ ես նրանով «խոցվում», այնքան ավելի երկար ես ապրում նրանով։ Հայաստանի անկախությունը 30 տարեկան է։
Բայց ի՞նչ էի ուզում ասել։ Սեպտեմբերի 21-ը Ալցհեյմերի դեմ պայքարի համաշխարհային օրն էլ է։ Իսկ 1982-ից սեպտեմբերի 21-ին նշում են նաեւ խաղաղության միջազգային օրը։ Այդ օրը խփում են ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանի խաղաղության զանգը, որ հիշեցնեն պատերազմների մարդկային կորուստների մասին։
Հիշողության հետ կապված հետաքրքիր համընկնումներ են, չէ՞։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: