Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուին շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ խաղաղության, բարեկեցության եւ բարգավաճման բարեմաղթանքներ հղելով։
Նա ընդգծել է, որ 30 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, եւ Ռումինիան առաջին պետություններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի կարգավիճակը՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։
«Դիվանագիտական հարաբերությունների վերջին 30 տարվա ընթացքում մենք շարունակել ենք լինել հայկական պետության եւ հասարակության բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացի աջակիցը եւ շարունակել ենք ակտիվորեն սատարել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների ամրապնդմանը՝ խրախուսելու տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությունը եւ անվտանգությունը»,- շեշտել է Դրագուին։
Սենատի նախագահը շեշտել է, որ հայ եւ ռումինացի ժողովուրդներն ունեն պատմական կապեր, ինչպես նաեւ համագործակցության եւ խաղաղ ու ներդաշնակ համատեղ կեցության երկարամյա ավանդույթներ։ «Ռումինիայի հայ համայնքը կարեւոր դեր է խաղացել մեր պատմության ընթացքում։ Այնպիսի անհատներ, ինչպիսիք են Գեորգե Ասակեն, Վասիլե Կոնտան, Կարապետ Իբրըիլյանուն, Սպիրու Հարեթը, Վիրջիլ Մաջարուն եւ խոշոր պոետ ու մաթեմատիկոս Յոն Բարբուն ընդամենը մի քանի օրինակն են այն նշանակալից ներդրման, որ ունեցել են Ռումինիան որպես իրենց երկիր ընտրած հայերի ժառանգները։ Այս ամենն ընդլայնում եւ հարստացնում է մեր հարաբերությունների հիմքերը»,- ընդգծել է ռումինացի բարձրաստիճան պաշտոնյան։
Անկա Դրագուին շեշտել է, որ երկկողմ համագործակցությունը հիմնված է ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համերաշխության վրա, որը դրական ազդեցություն ունի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում։
«Ես վստահ եմ, որ Ռումինիայի եւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանները կարեւոր ներդրում կունենան մեր երկկողմ հարաբերությունների զարգացման վրա բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների եւ ամբողջ տարածաշրջանի, լինի դա քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, մշակույթ եւ կրթություն, թե միջազգային կազմակերպություններ։
Ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա տարեդարձի կապակցությամբ եւ հավաստիացնում, որ մեր բարեկամությունը հարատեւ է»,- ընդգծել է Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուին։