ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բուլղարիայի արտգործնախարար Սվետլան Ստոեւը, Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկու Պոպեսկուն, Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ հղելով, ընդգծել են վաղեմի բարեկամական ու գործընկերային կապերի ավանդույթը եւ սերտ, շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ եւ ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանում անփոփոխ կերպով գնահատում են դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ եւ երկու ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:
«Ուրախ ենք Հայաստանի համալիր զարգացման եւ իր միջազգային դիրքերի ամրապնդման հարցերում հայ համախոհների հաջողություններով: Հույս ունենք, որ Մոսկվայի եւ Երեւանի բազմակողմանի գործընկերային փոխգործակցությունը հետագայում եւս կնպաստի երկու պետությունների բարեկեցության բարձրացմանը:
Մեծ կարեւորություն ենք տալիս մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հագեցած երկխոսությանը եւ հաճույքով արձանագրում ենք երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերում հայացքների ընդհանրությունը, արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում եւ արգասաբեր փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը:
Բուլղարիայի արտգործնախարար Սվետլան Ստոեւը ՀՀ ազգային տոնի՝ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձում իր գոհունակությունն է հայտնել հինավուրց պատմական եւ մշակութային կապերի հիմքի վրա կառուցված հայ-բուլղարական գերազանց եւ բարեկամական հարաբերությունների առթիվ:
Բուլղարիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետության՝ Հայաստանն ունի հուսալի գործընկեր, որն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքականությանը: Միեւնույն ժամանակ Բուլղարիան ցանկանում է զարգացնել ակտիվ երկխոսությունը Հայաստանի հետ հանուն բուլղար եւ հայ ժողովուրդների շահերի ու բարեկեցության:
«Համոզված եմ, որ մեր արտգործնախարարությունների միջեւ հաստատված լավ կապերը կշարունակեն նշանակալի գործոն լինել մեր միջպետական համագործակցության բարեհաջող, արգասաբեր եւ կառուցողական զարգացման գործում»,- նշել է Բուլղարիայի արտգործնախարարը:
Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկու Պոպեսկուն իր ուղերձում խաղաղություն, համերաշխություն ու բարեկեցություն է մաղթել հայ ժողովրդին:
«Համոզված եմ, որ ավանդաբար բարեկամական հարաբերությունները մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հետագայում եւս ամուր հիմք կծառայեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում մոլդովա-հայկական համագործակցության զարգացման համար»,- նշել է Մոլդովայի արտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Մոլդովայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունները կշարունակեն ակտիվ երկխոսությունը երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ: