Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են Հայաստանի Հանրապետությունից ժամանած շուրջ 100 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանք:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են Ամարասի վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Այս սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը»,- ըստ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության՝ ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։
Հայաստանցի ուխտավորներից մեկը պատմել է, որ հանգիստ անցել են ամբողջ ճանապարհը, ուղղակի հոգեբանորեն ծանր էր, «բայց տեսնում ենք, որ խաղապահները կատարում են իրենց խնդիրները։ Շատ ուշադիր են, նույնիսկ հայերեն հետաքրքրվեցին մեր ինքնազգացողությամբ»,- ընդգծել է ուխտավորը։
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ Մարտունու շրջանում կողմերի սահմանազատման գծին մերձակա սրբավայր ուխտավորներ են այցելում Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի Հանրապետությունից եւ այլ երկրներից։ Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը տեղաշարժի, Ամարասի վանական համալիր այցելության եւ պատարագի ընթացքում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության կայքը նշել է նաեւ, որ վաղ միջնադարյան քրիստոնեական Ամարասի վանքը միջնադարյան Հայաստանում հռչակավոր կրոնական եւ մշակութային կենտրոնի կարգավիճակ է ունեցել։