Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից այսօր հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ Ղարիբաշվիլին եւ Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը լավ հիմք է հարեւանների միջեւ համագործակցության համար։
Վրաստանի վարչապետն Էրդողանին ասել է, որ Վրաստանի կարեւորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումն է։ «Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարելու հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։