Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում անկախության 30-ամյակը նշեցին առանց ձայնի՝ դիտելով ու մտորելով։ «Մեր Հայրենիք» խորագրով ցուցահանդեսը արվեստագետի եւ արվեստասերի լուռ երկխոսությունն էր։
«Ցուցահանդեսի ստեղծման հիմքում հայրենասիրության գաղափարի վերանայումն է. հայրենիքը սիրել առանց ձայնի եւ հնչյունների»,- բացման խոսքում ասաց պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը։
Առաջին տաղավարում ներկայացվում է ռեժիսոր Գագիկ Ղազարեի «Մեր Հայրենիք» վիդեո արտը։ Տեսանյութում Հայաստանի օրհներգն է՝ անձայն, ժեստերի լեզվով։ Հեղինակը չպառակտվելու, տարբերին ընդունելու հորդորն է փորձում փոխանցել․ «Մեր հայրենիքը բոլորիս հայրենիքն է, մեկը լուռ է սիրում, մյուսը՝ բարձրաձայն։ Հանրությունը պետք է գիտակցի, որ սիրո բարձրաձայնումը դրա մեծ չափաբաժնի մասին չի խոսում»,- ասաց ռեժիսորը։
Պատկերասրահի հաջորդ տաղավարում ներկայացված է «Հյուսիս-Հարավ» լուսանկարների շարքը։ Անկախության հասակակից լուսանկարիչ Գուրգեն Գինոսյանը Աշոցքից Մեղրի ճանապարհն անցել, հայրենիքը տեսել ու ճանաչել է նոր տեսանկյունից։
«Ապրում ենք Հայաստանում, բայց երբեմն չենք գիտակցում դրա կարեւորությունը, չենք գնահատում քարը, ծառը, սարը, հողը, մայրամուտն ու արեւածագը, ամեն օր տեսնում ենք, բայց չենք նկատում»,- ասում է Գուրգենը։
«Քաղաքային բեկորներ». այսպես է կոչվում ապակյա ցուցասրահում գյումրեցի լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի ներկայացրած շարքը։ Ընդամենը երկու աշխատանք՝ կատարված ոչ ավանդական տպագրության մեթոդով։
«Գործերը՝ քիչ, ասելիքը՝ շատ»,- այսպես բնութագրեց հանդիսատեսը թափանցիկ ցուցասրահը։ Իսկ Տեր-Մկրտչյանն ասաց. «Քաղաքը բաղկացած է բեկորներից։ Մարդկային սրտացավ վերաբերմունքը կարող է բեկորից քաղաք ստանալ, անտարբերությունն, ընդհակառակը, քաղաքից՝ բեկոր»։
Վիդեո արտով է ներկայացել նաեւ դերասանուհի, ռեժիսոր Գայանե Եղիազարյանը։ Թանգարանի նկուղում ցուցադրվում է նրա «Աղմուկ» տեսանյութը, որում անընդմեջ լվացվում է Հայաստանի Հանրապետության եռագույնը։
«Դրոշը հայն է, հայի էությունը։ Լվանում ենք եռագույնը՝ լվանում ենք մեր ներաշխարհը, երկիրը մաքրում ենք մարդկային աղտից, արատավոր երեւույթներից»,- այսպես մեկնաբանեց իր աշխատանքը Գայանե Եղիազարյանը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։