Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հատուկ ծառայությունները համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը նշել է, որ «Ամպրոպ 2021» կոչվող զորավարժություններին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրների՝ թմրամիջոցների տարածման դեմ պայքարող ծառայությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում:
ՀԱՊԿ հատուկ ջոկատայինները Հայաստանի զինված ուժերի եւ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ միասին մարտական գործողություններին առավել մոտ պայմաններում իրականացվող հատուկ գործողություններին մասնակցության փորձ ձեռք կբերեն։
ՀԱՊԿ մամուլի քարտուղարը նշել է նաեւ, որ զորավարժությունների առաջին փուլում մասնակիցները կիրառական խնդիրներ կլուծեն բարդ լեռնային գոտում։