Թուրքական ENKA Riniebels Ltd ընկերությունը հրաժարվել է Վրաստանի արեւմուտքում` Ռիոնի գետի վրա կառուցվելիք խոշորագույն ՀԷԿ-ի կառուցման մտադրությունից։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները ափսոսանքով են ընդունել թուրքական ENKA ընկերության՝ Նամախվանիի ՀԷԿ-ի կառուցման մտադրությունից հրաժարվելու մասին որոշումը։
Ստամբուլի ֆոնդային բորսայի պաշտոնական կայքում զետեղված՝ Վրաստանի խոշորագույն էլեկտրակայանի շինարարությունից հրաժարվելու մասին հայտարարության մեջ թուրքական ընկերությունը նշել է, որ Վրաստանի կառավարության հետ կնքված պայմանագիրը խզվել է Թբիլիսիի կողմից դրա դրույթների խախտման եւ ֆորս մաժորի պատճառով։
Նամախվանիի շինարարության մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է Ռիոնիի կիրճի բնակիչների եւ թբիլիսցի բնապահպանների բողոքի ցույցերի պատճառով։
Կոբախիձեն նշել է, որ էներգետիկ անկախության ապահովումը իշխանության ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առաջնահերթություններից է։ Նա ընդգծել է, որ պայմանագրի խզումը վատ ազդակ է ապագա ներդրումների տեսանկյունից։