Ադրբեջանն արգելել է Իրանից մոտ 118 տոննա կարտոֆիլի ներմուծումը։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Ադրբեջանի սննդային անվտանգության գործակալության աշխատակիցները զննել են Իրանից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակը։
Զննության ընթացքում փորձանմուշներ են վերցվել, որոնք ուղարկվել են սննդային անվտանգության ինստիտուտի լաբորատորիա։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ կարտոֆիլի խմբաքանակում իբր հայտնաբերվել է պոտենցիալ վտանգ ներկայացնող կարանտինային վնասատու` կարտոֆիլի ցեցի թրթուրներ (Phthorimaea operculella)։
Գյուղմթերքի արգելքը հաջորդել է Բաքվի ու Թեհրանի հարաբերությունների որոշակի սրացմանը։ Սեպտեմբերի 12-ից Ադրբեջանը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ճանապարհը տեղ-տեղ անցնում է Բաքվի հսկողության տակ գտնվող տարածքով, սկսել է կանգնեցնել իրանական բեռնատարները` պահանջելով վճարել երթևեկության համար։ Նախորդ շաբաթ էլ երկու իրանցի են ձերբակալվել, որոնց Ադրբեջանի ոստիկանությունը մեղադրել է ԼՂ բեռներ տեղափոխելու համար։