Կանադական Montreal Gazette պարբերականի հեղինակ Յան Մքգիլիսը «Յուսուֆ Քարշի աշխարհը «Անձի էությունը» ցուցահանդեսում» հոդվածում անդրադարձել է Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանում կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսին։
Կանադայում սեպտեմբերի 22-ից բացված եւ մինչեւ հունվարի 30-ն ընթացող «Անձի էությունը» ցուցահանդեսում ընդգրկված է նաեւ Ուինսթոն Չերչիլի հանրահայտ լուսանկարը, որի հեղինակը Կանադայի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է:
20-րդ դարի մեծագույն լուսանկարիչն անվանի մարդկանց դիմանկարներով ի հայտ է բերել անհատների ներաշխարհն ընկալելու իր յուրահատուկ տաղանդը:
«Ցուցահանդես մտնելիս մարդիկ անմիջապես տեսնելու են Չերչիլի դիմանկարը»,- ասել է Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանի՝ MMFA-ի (Montreal Museum of Fine Arts) ցուցահանդեսի ավագ համադրող Հիլիարդ Գոլդֆարբը:
Օսմանյան կայսրության ժամանակ Հայոց ցեղասպանությունից փրկված Քարշի ծնողները 1923-ին 15-ամյա տղային ուղարկեցին Քվեբեկ:
Թատրոնի հանդեպ հետաքրքրությունը նրան դրդեց զբաղվելու նաեւ լուսանկարչությամբ: Տարբեր քաղաքներում սովորելուց հետո նա մշտապես հաստատվեց Օտտավայում, քանի որ, ըստ Գոլդֆարբի, «կարծում էր, որ այն միջազգային հետաքրքիր իրադարձությունների կենտրոն կլինի»:
Քարշն իրավացի էր։ Ազատ մուտք ունենալով Գլխավոր նահանգապետի նիստերին՝ նա հնարավորություն ունեցավ հանդիպելու վարչապետ Մակքենզի Քինգի, իսկ 1941-ին՝ «մռնչացող առյուծի»՝ պատերազմի ժամանակվա մեծագույն առաջնորդ Ուինսթոն Չերչիլի հետ։
Բրիտանիայի վարչապետին լուսանկարելու համար պետք էր պահ փնտրել․ նա լարված էր եւ նյարդային:
Ստացված կադրը ցույց է տալիս Քարշի՝ կոմպոզիցիայի եւ ինքնաբուխ տրամադրության կատարյալ միասնության հասնելու արտառոց շնորհը:
«Կա իդեալականացում, բայց կա նաեւ պահի ճիշտ ընկալում, որն ինչ-որ բան է բացահայտում մարդու մեջ»,- ընդգծում է Գոլդֆարբը:
Այսպես կարելի է մեկնաբանել ոչ միայն աշխարհի առաջնորդների եւ հայտնի մարդկանց՝ Պետեր Լորեի, Ալբերտ Էյնշտեյնի, Օդրի Հեփբըրնի, Մուհամեդ Ալիի, Նելսոն Մանդելայի, այլեւ շարքային կանադացիների լուսանկարները։ Դրանցում Քարշն արտահայտում է իր ակնհայտ կարեկցանքն ու զգում նրանց ապրումները՝ ելնելով ներգաղթյալի փորձից։
Ցուցադրվող 111 նկարների ընտրության հարցում Գոլդֆարբը բանակցություններ է վարել ու սերտորեն խորհրդակցել Քարշի՝ Բոստոնում բնակվող այրու՝ Էստրելիտայի հետ:
Գոլդֆարբը ընդգծել է նաեւ, որ լուսանկարները նեգատիվներից չեն վերցվել. դրանք բնագրային՝ վինտաժային տարբերակներն են, որոնք մութ սենյակում անձամբ տպել է Քարշը։ Դրանք հազվագյուտ հնարավորություն են ընձեռում նրա հանճարը մոտիկից ուսումնասիրելու նաեւ այս տեսանկյունից:
Պատրաստեց Կարինե Դավոյանը