ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 22-ին հանդիպել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
ԵՄ գործընկերության շրջանակում նախարարները քննարկել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձեւաչափում համագործակցության վերաբերյալ։ Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին՝ Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը: Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այդ հարցում միջազգային համապատախան կառույցների ներգրավման հարցին:
Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
Ոչնչացման վտանգից պաշտպանելու անհրաժեշտություն
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նա հավելել է, որ հակամարտության համապարփակ եւ տեւական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը։
Միրզոյանն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։
Կողմերն ընդգծել են նաեւ տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը։
Համապարփակ կարգավորման կարեւորությունը
ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան եւ վերահաստատել իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը:
Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության լայն օրակարգի, Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության շուրջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկկողմ կարեւորության հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետեւանքով ստեղծված իրադրությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խաթարում են Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային եւ կայունության հաստատմանը:
Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման եւ տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը։