Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Ելիսեյան պալատի՝ նախագահները քննարկել են Ավստրալիայի՝ ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից եւ Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրությունը:
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է ընդունել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներ վերադառնալու մասին: Դրա մասին հայտնել են ԱՄՆ Սպիտակ տնից՝ մանրամասներ ներկայացնելով Մակրոնի եւ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից:
«Երկու երկրների առաջնորդները որոշել են սկսել առարկայական խորհրդատվություններ՝ ուղղված վստահության ապահովման պայմանների ստեղծմանը եւ համընդհանուր նպատակներին հասնելու համար հստակ միջոցների ձեռնարկմանը: Նրանք հոկտեմբերի վերջին կհանդիպեն Եվրոպայում՝ հասնելու ընդհանուր փոխըմբռնման եւ պահպանելու այս գործընթացի դինամիկան»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
AUKUS-ը որեւէ մեկին դուրս մղելու փորձ չէ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ է տվել «հավաքել իրեն» եւ հանգիստ թողնել Ավստրալիայի հետ ռազմական համաձայնագրի խզման, ինչպես նաեւ իրեն՝ Ջոնսոնին քննադատելու թեման:
Ջոնսոնը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի նոր համագործակցությունը՝ AUKUS-ը, համաշխարհային անվտանգության համար կարեւորագույն քայլն է անվանել: «Խոսքը երեք միանման մտածող դաշնակիցների մասին է, որոնք կանգնած են ուս ուսի՝ ստեղծելով նոր գործընկերություն հանուն տեխնոլոգիաների փոխանակման: Սա որեւէ մեկին դուրս մղելու փորձ չէ, ուղղված չէ, օրինակ, Չինաստանի դեմ»,- կրկնել է Ջոնսոնը: