Ըստ թուրքական Daily Sabah-ի՝ Ուկրաինան համատեղ զորավարժություններ է սկսել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ զորքերի հետ այն նույն ժամանակ, երբ հարեւան Ռուսաստանն ու Բելառուսն անցկացնում են Արեւմուտքին լրջորեն անհանգստացրած լայնամասշտաբ զորավարժություններ:
Թուրքական լրատվամիջոցը նշել է, որ Ուկրաինան, որը 2014-ից ի վեր պատերազմի մեջ է Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների դեմ, ձգտում է սերտորեն ինտեգրվելու արեւմտյան ռազմական ուժերի հետ՝ հույս փայփայելով, որ մի օր կմիանա ՆԱՏՕ-ին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ 4000 ուկրաինացի եւ 2000 օտարերկրացի զինվորականներ մինչեւ հոկտեմբերի 1-ը համատեղ կմասնակցեն «RAPID TRIDENT 2021» զորավարժություններին:
«Ես հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կկենտրոնացնի իր գիտելիքներն ու ջանքերը, որպեսզի ագրեսոր երկրներին ցույց տա, որ իրենք որեւէ շանս չունեն»,- Ուկրաինայի միջազգային խաղաղապահ անվտանգության կենտրոնի (IPSC) բացման արարողության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ռազմական ուժերի հրամանատար Իգոր Պալագնիուկը:
Ըստ ԱՄՆ ռազմական ուժերի հայտարարության՝ զորավարժություններում ընդգրկված է միջազգային ուժերի դասընթացների շրջանակում ապրիլից Ուկրաինայում տեղակայված Վաշինգտոնի ազգային գվարդիայի բրիգադային մարտական ջոկատը: Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված են 12 երկրների զինվորականներ: