Անկախության տոնի առիթով Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր «ՀՀ անկախություն-30. Հայ մամուլի էջերից» խորագրով ցուցադրություն։
Ներկայացված էին տարբեր թվականներին հրապարակված եւ ազգային գրադարանի հավաքածուում պահպանված հոդվածներ, կարեւոր փաստաթղթեր։ Ցուցադրությունն ուղեկցվեց գրադարանի Մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի գրադարանագիտության եւ տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանի զեկույցով։
«Մամուլն արտացոլում է տարբեր ժամանակահատվածների հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտակրթական եւ այլ բնույթի տեղեկություններ։ Եթե խոսում ենք, օրինակ, Հայաստանի երրորդ հանրապետության ուսումնասիրման մասին, ապա պատմաբանը, սոցիոլոգը կամ մեկ այլ մասնագետ պետք է անպայման հենվեն նաեւ մամուլի վրա»,- ասաց բանախոսը։
Նա կարեւորեց նաեւ գրադարանների դերը՝ ասելով, որ գրադարանները, հատկապես ազգային գրադարանը, կարելի է համարել նաեւ ռազմավարական հաստատություններ։ «Դրանք նպաստում են տպագիր մշակույթի հանրահռչակմանը։ Հատկապես թվային դարաշրջանում գրադարանային նյութերը շատ ավելի մեծ թվով մարդկանց են հասանելի»։
2022 թվականին Հայաստանի ազգային գրադարանը նախատեսում է ևս մի շարք այլ կարեւոր միջոցառումներ իրականացնել։ «Գիտաժողովով նշելու ենք Թիֆլիսում 1872-1921 թվականներին հրատարակված «Մշակ» լրագրի 150-ամյակը, գրատպության 510-ամյակը, անվանի մատենագետ Հովհաննես Պետրոսյանի ծննդյան 130-ամյակը եւ այլն»,- ասաց Մհեր Ղազինյանը։