Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Համացանցի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները։
ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ, մասնավորապես, զեկույցում հղում է արված 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին եւ երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինելու սոցիալական ցանցերից օգտվելիս եւ խուսափելու հատկապես TikTok- ից՝ վկայակոչելով թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից տարածվող բռնության կոչերը:
ՀՀ ՄԻՊ-ը կարեւորել է նաեւ, որ Freedom House-ի զեկույցում օգտագործված է 2020-ի տարեվերջին Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը՝ ադրբեջանական եւ թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ Ֆեյսբուք, Թվիթեր ու ՏիկՏոկ ցանցերում հնչում են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման կոչեր։
Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաեւ պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։