ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելուն ուղղված կանոնները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն առաջին անգամ 10-20000 դրամով, իսկ իրավաբանական անձինք՝ 40-120000 դրամով:
Հարությունյանն ընդգծել է, որ ստուգայցերը նախատեսվում են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվում են ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի երեք եւ ավելի դեպք, ինչպես նաեւ մարդաշատ վայրերը, օրինակ` առեւտրի կենտրոնները: Նա շեշտել է, որ ստուգայցերը պատահական են լինելու, ոչ մեկը տեղյակ չի լինելու, թե որ գործատուի մոտ կգնան:
Խախտումները սահմանված են առողջապահության նախարարի 17–Ն հրամանում, ըստ որի՝ տարածքները պարբերաբար պետք է ախտահանվեն, աշխատակիցները դիմակ պետք է դնեն, երկու անգամ ջերմաչափվեն, մարդկային կուտակումները արգելված են, հազացող, ջերմություն, հարբուխ կամ դժվարաշնչություն ունեցող աշխատակիցները անմիջապես տուն պետք է ուղարկվենն։ Հակառակ դեպքում գործատուն կտուգանվի 40-120000 դրամով։
Հարությունյանը նշել է, որ հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում մարդիկ պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:
Որոշմանը չհետեւող աշխատակիցներն իրավունք չունեն աշխատանքի ներկայանալու, հակառակ դեպքում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվել որոշմանը չհետեւելու համար:
Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Բացառություն է արվում միայն հղիների եւ պատվաստման համար հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց եւս այս օրենքը չի վերաբերում:
Լիովին պատվաստվել է ավելի քան 133 հազար քաղաքացի
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ եթե մարտին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10 տոկոս էր, այսօր այդ ցուցանիշը 40 տոկոսից բարձր է: Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ Հայաստանում իրականացվել է 377405 պատվաստում, որից երկու դեղաչափը ստացել է արդեն 13331 քաղաքացի: