Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Նախարարը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների եւ անձամբ գլխավոր քարտուղարի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելուն եւ պատերազմի հումանիտար հետեւանքները վերացնելու անհրաժեշտությանն ուղղված հայտարարություններն ու կոչերը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Միրզոյանը կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների գործողությունների ծրագրին առնչվող հարցեր։
Կարեւորվել է գերիների շուտափույթ հայրենադարձումը
Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
Քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտություն
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Երկուստեք կարեւորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը։
Հայաստանի եւ Նիկարագուայի արտգործնախարարներն ընդգծել են նաեւ միջազգային կառույցներում հայ-նիկարագուական համագործակցությունը խորացնելու կողմերի հետաքրքրվածության մասին։
Զարգացնել հայ-ֆիննական համագործակցությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարեւորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների ձեւաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման համար կարեւոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռեւս պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաեւ հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը։
Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ միտված հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը։