Ըստ Reuters գործակալության՝ նոյեմբերի 19-ին պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիս-արեւելքում, Հյուսիսային Սինայ նահանգի՝ Իսրայել եւ Հորդանան մտնող հիմնական գազատարի հատվածում:
Խողովակաշարի պայթյունի պատասխանատվությունն՝ առանց ապացույցներ տրամադրելու, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հյուսիսային Սինայի տեղական իշխանությունները հայտնել են, որ հրդեհը հաջողվել է արագ մարել, եւ պայթյունն ամենեւին չի ազդել գազի մատակարարման ծավալների վրա: Վնասի չափերը ճշտվում են։
Նույն գազատարի մեկ այլ հատվածում պայթյուն եղել էր նաեւ այս տարվա փետրվարին, որի պատասխանատվությունը դարձյալ ստանձնել էր «ԻՊ»-ը։