EVN Report կայքում կարդացի վարչապետի ռազմավարական հարցերով արդեն նախկին խորհրդական Լեւոն Մազմանյանի «30 տարվա իրավիճակային կառավարման տեղապտույտը» հոդվածը։
Գլխավոր միտքն այն էր, որ 30 տարի շարունակ մենք «գոյատեւել ու զարգացել ենք առանց համազգային ռազմավարական օրակարգի»։
Հետաքրքիր է, որ ռազմավարական հարցերով նախկին խորհրդականի 833 բառանոց հոդվածում չեն հանդիպում «բանակցություններ», «հակամարտության կարգավորում» բառերը, իսկ Արցախ տեղանունը հիշատակվում է երկու անգամ՝ արդեն պատերազմի մասին խոսելիս։ Դե, իսկ պատերազմն էլ ներկայացվում է որպես «հերթական արտակարգ իրավիճակ»։
Փաստ է, սակայն, որ Հայաստանի Հանրապետության ամենավաղ արշալույսից մինչ օրս մեր գլխավոր եւ ոչ մի այլ բանով չփոխարինվող օրակարգը եղել է Արցախի հարցը։ Անգամ այս պահին, երբ «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսում Հայաստան անունը փոխարինելի է ինչով ասես, այդ հարցը շարունակում է մնալ համազգային ռազմավարական օրակարգ։
Իրավիճակային կառավարումը հենց սրանով է պայմանավորված եղել, եւ եթե թվում է, թե, ասենք, 748 հատ այթիշնի կամպանիա, 50 հատ «Թումո» բացելով կարելի էր կամ կարելի է անտեսած ունենալ ռազմավարական այդ օրակարգը, ուրեմն Հայաստանի վերնախավի գլխում կարեւոր մի մաս պակասում է։
Բայց այս բանը հոդվածի հեղինակ-ռազմավարագետն ակամա խոստովանում է. «Ներկայիս պետական կառավարման համակարգի մեր կարողությունները հավասարազոր չեն պետության առջեւ ծառացած մարտահրավերներին»։
Ինչպե՞ս կարող էին հավասարազոր լինել, երբ չորս հարեւաններից երկուսի հետ սահմաններդ երեք տասնամյակ փակ են։
Ինչպե՞ս կարող էին հավասարազոր լինել, երբ ռազմավարական օրակարգ համարվող հարցում չունեիր գեթ մեկ հուսալի դաշնակից։
Ինչպե՞ս կարող էին հավասարազոր լինել, երբ տարածաշրջանային կոմունիկացիաները խույս էին տալիս Հայաստանից։
Ինչպե՞ս կարող էին հավասարազոր լինել, երբ գլխավոր ռեսուրս հռչակված սփյուռքի ներդրումները տնտեսության մեջ սրճարաններ, ռեստորաններ, զվարճանքի վայրեր ստեղծելուց անդին չանցան։ Եվ չանցան, որովհետեւ փակուղում ոչ ոք ռիսկի չի գնում՝ սրան էլ գումարած պատերազմի մշտառկա վտանգը։
«Մեկ տարի առաջ մենք ամենամոտն էինք ռազմավարական կառավարմանն անցում կատարելուն, քանի որ հասել էինք մի կետի, երբ համազգային ռազմավարությունը պիտի դառնար ազգային-պետական ապագայի կերտմանն ուղղված նոր, ճկուն եւ կենդանի պայմանագիր հանրության ու պետության միջեւ»,- շարունակում է հեղինակ-ռազմավարագետը։
Այո՛, իհարկե, մենք մոտ էինք, մոտ էինք ինչ-որ բանի, բայց ոչ նշված անցմանը։
Հոդվածից տեղեկանում ենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ին (հենց սեպտեմբերի 27-ին) Հանրային հեռուստատեսությամբ եւ համացանցով մեկնարկելու էր ռազմավարության մշակման մոտեցումների եւ բովանդակության շուրջ լայնամասշտաբ արշավը։
Թարսի պես պատերազմը խանգարեց։ Չկանխատեսված, չգիտակցված, անսպասելի պատերազմը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։